‘
Վիեննայում անցկացվող ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր կոնֆերանսի 61-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հանդիպել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յու. Ամանոյի հետ։ Քննարկվել են ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության հետ կապված հարցեր։
Նախարար Աշոտ Մանուկյանը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենին ներկայացրել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման եւ արդիականացման ծրագրի ընթացքը։ Կարեւորվել է ԱԷՄԳ-ի դերը ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված աջակցության ծրագրերի իրականացման գործում։
Հանդիպման ժամանակ զրուցակիցներն անդրադարձել են նաեւ ՀԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը շահագործումից հանելու ծրագրին եւ այդ գործընթացին ԱԷՄԳ-ի աջակցության տրամադրման հնարավորություններին։
‘