Վիետնամի նախագահ Նգուեն Սուան Ֆուկը հայտարարել է, որ թողնում է պաշտոնը։ Ավելի ուշ երկրի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեն ընդունել է նրա հրաժարականը։
Վիետնամի իշխանական համակարգում ամենամեծ ազդեցությունից օգտվում է կոմկուսի գլխավոր քարտուղարը, սակայն նախագահը նույնպես նշանակալի լիազորություններ ունի։
Վերջին շաբաթներին նախագահի հրաժարականի մասին լուրերը հաճախ էին շրջանառվում։
Վիետնամի կոմունիստական կուսակցությունում հիմա էլ շարունակվում է պայքարը կոռուպցիայի դեմ, որը վարում են կոշտ գծի կողմնակիցները։ Հարյուրավոր վիետնամցի կոմունիստներ հետաքննության տակ են։
Նախագահի հրաժարականը պետք է հաստատի երկրի Ազգային ժողովը, որը չորեքշաբթի այդ հարցով արտահերթ քվեարկություն է անցկացնելու։ Վերլուծաբանները, սակայն, կարծում են, որ դա ձևական բնույթ կկրի։
Վիետնամի կոմկուսի հայտարարության մեջ բարձր է գնահատվում Նգուեն Սուան Ֆուկի ղեկավար դերը, բայց նաև շեշտվում է, որ նա քաղաքական պատասխանատվություն է կրում իր ենթակա բազմաթիվ պաշտոնյաների խախտումների ու թերացումների համար։
Փոխանցում է BBC-ն: