‘
Հարավային Աֆրիկայի Հանրապետության (ՀԱՀ) ընդդիմության առաջնորդ Հելեն Զիլլեն Քեյփթաունում իր նստավայրի մոտ տուժել է վիթխարի առնետի հարձակումից: Այս մասին, ինչպես տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը, նա հաղորդել է իր Twitter-ում:
«Հենց նոր ինձ հետ շատ տարօրինակ բան պատահեց: Ես դուրս եկա թերթեր գնելու, և դարպասների մոտ ինձ վրա նետվեց մի վիթխարի առնետ, որը կծեց ոտքս»,- գրել է Զիլլեն: Նա նաև հրապարակել է կծած մատի լուսանկարը:
Ընդդիմադիր գործչի հաղորդագրությունը բուռն արձագանք է հարուցել ցանցում, օգտատերերից ոմանք նույնիսկ գրել են, թե առնետը կարող էր ուղարկված լինել կառավարող կուսակցության՝ Աֆրիկյան ազգային կոնգրեսի կողմից:
Զիլլեի մամուլի քարտուղար Զակ Մբելեն ավելի ուշ Twitter-ում գրել է, որ եթե քաղաքում առնետներն սկսել են հարձակվել մարդկանց վրա, ապա երկրում իրոք «լուրջ խնդիրներ» կան:
‘