‘Վիլանովան հրաժարվում է «Լա լիգա»-ում պայքարը համարել ավարտված’

645

«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչը շատ գոհ էր իր սաների խաղից, ովքեր Իսպանիայի ամենաանհյուրընկալ խաղադաշտերից մեկում կարողացան 0-4 հաշվով հաղթանակ տանել «Լևանտե»-ի նկատմամբ:

11 միավորի առավելության և Մադրիդի «Ռեալ»-ի մասին

«Մենք մեր առաջին մրցաշրջանում արդեն ունեցել ենք «Ռեալ Մադրիդ»-ի նկատմամբ 11 միավորի առավելություն: 2008 — 2009 մրցաշրջանում նրանք կարողացան միավորել ամբողջ թիմը, երկրպագուներին և լրատվամիջոցներին և մեր գործը շատ բարդացրին»: Մադրիդցիները «Լա լիգա»-ի ավարտին մոտ անպայման կպայքարեն չեմպիոնի կոչման համար: Դա բնորոշ է իրենց»: Հիշեցնենք, որ «Ռեալ Մադրիդ»-ը 2008 — 2009 մրցաշրջանում կարողացավ Բարսայից 11 միավոր հեռավորությունը դարձնել 4 միավոր, և այդ ժամանակ «սերուցքայիններ»-ի նախագահ Վիսենտե Բոլուդան հայտարարեց, որ իրականում տարբերությունը 1 միավոր է, քանի որ իրենք անպայման հաղթելու են Բարսային «Սանտյագո Բեռնաբեու»-ում: Արդյունքում՝ Բարսան հաղթեց այդ «սուպերկլասիկո»-ն 2-6 հաշվով:

«Ատլետիկո Մադրիդ»-ի և առաջիկա տուրում կայանալիք մադրիդյան «դերբի»-ի մասին

«Ատլետիկո»-ի երկրորդ տեղում հայտնվելը ամենևին էլ պատահական չէ, Սիմեոնեն անցյալ մրցաշրջանի ավարտին արդեն ապացուցել է, որ ունի հրաշալի կազմ: Մենք չենք կարող մտածել մադրիդյան «դերբի»-ի մասին, մենք պետք է կենտրոնանանք մեզ սպասվող «Ատլետիկ»-ի դեմ խաղի վրա: Կան թիմեր, որ մեզ շատ մոտ են գտնվում, և առաջնությունում դեռևս բազմաթիվ հանդիպումներ կան անցկացնելու»:

Տպավորությունները հանդիպումից

«Մեզ շատ օգնեց երկրորդ խաղակեսում Մեսսիի խփած արագ գոլը:  Առաջին խաղակեսում խաղադաշտում տեղի էր ունենում այն, ինչը մենք սպասում էինք: «Լևանտե»-ն կարողանում է լավ խաղալ և միշտ էլ դժվարություններ է ստեղծում մեր դեմ խաղերում»:

Հանդիպումից հետո իրենց տպավորություններն են կիսել նաև Բարսայի խաղացողները: Մասնավորապես՝ 3 գոլային փոխանցում կատարած և 1 գոլի հեղինակ դարձած Անդրես Ինյեստան նշել է. «Պետք է շարունակենք աշխատել այսպես և կատարելագործենք մեր խաղը: «Լա լիգա»-ում պայքարը դեռ երկար է շարունակվելու, և մենք պետք է շարունակենք մեր ուղին՝ չմտածելով մրցակիցների մասին»: Սերխիո Բուսկետսը լրագրողի այն հարցին, թե ի՞նչ է մտածում Մադրիդի «Ռեալ»-ի նկատմամբ 11 միավոր առավելության մասին, պատասխանել է. «Մրցաշարային աղյուսակում մեր մրցակիցն այժմ «Ատլետիկո Մադրիդ»-ն է, և մենք չպետք է մտածենք «Ռեալ Մադրիդ»-ի մասին»: Խերար Պիկեն, խոսելով նույն մադրդիյան «դերբի»-ի մասին, ասել է հետևյալը. «Այդ հանդիպումը մեր գործը չէ, բայց նրանք այժմ զբաղեցնում են 2-րդ և 3-րդ տեղերն առաջնությունում, այնպես որ մեզ համար լավ կլիներ, որ այն ավարտվեր ոչ-ոքի»:

Նշենք նաև որ «Լևանտե»-ի հետ խաղը «Բարսելոնա»-ի համար դարձավ պատմական՝ այն առումով, որ ակումբի 113-ամյա պատմության ընթացքում Մոնտոյայի՝ խաղադաշտ դուրս գալուց հետո վերջապես իրականացավ Բարսայի երկրպագուների, Յոհան Կրույֆի և մեկ այլ հոլանդացի մասնագետի՝ Լուի Վան Գալի երազանքը «դաշտում տեսնել միաժամանակ 11 «կանտերանո»-ի:

Նախորդ հոդվածը‘Լիբանանի իշխանությունները ցանկացել են Ս.Սարգսյանին օգտագործել որպես գործի՞ք’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ Նախագահը Մարտակերտի ջրամատակարարման հարցը որակել է որպես ամենակարեւոր հարցերից մեկը ‘