‘Վիլիամ Սարոյանի չորս պատմվածքները կամփոփվեն «Կիսալուսնի ծովածոցը» լիամետրաժ ֆիլմում’

740

Ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի 105-ամյա հոբելյանին ընդառաջ մեծ էկրանին կհայտնվի ռեժիսոր Մարինե Զաքարյանի «Կիսալուսնի ծովածոցը» լիամետրաժ ֆիլմը: Սարոյանի չորս` «Մաղադանոսի այգին», «Ծննդյան տոներից երեք օր անց», ֆիլմի ընդհանուր անվանը համանուն «Կիսալուսնի ծովածոցը» եւ «Փասիան որսացողը» նովելները կմիավորվեն մեկ լիամետրաժ ֆիլմում:

«Արմենպրեսի» թղթակցի հետ զրույցում  ֆիլմի ռեժիսոր Մարինե Զաքարյանը հույս հայտնեց, որ ֆիլմը պատրաստ կլինի մինչ 2013 թվականի օգոստոսի 31-ը` Սարոյանի ծննդյան հոբելյանին: Արդեն նկարահանումներ են կատարվել Երեւանում, Պտղնիում, Գառնիում, Դիլիջանում, Ծաղկաձորում, այլուր:

«Կիսալուսնի ծովածոցը» ֆիլմի դերասանական կազմում են Աշոտ Ադամյանը, Նարինե Գրիգորյանը, Նանոր Պետրոսյանը, Կարեն եւ Սոս Ջանիբեկյանները, Սոնա եւ Անի Գալստյանները, այլ հայտնի եւ կինոաշխարհին դեռեւս անհայտ անուններ:

Ֆիլմի նկարահանման նախաձեռնությունը պատկանում է Հայաստանի ազգային կինոկենտրոնին, «Պարալլելա Ֆիլմփրոդաքշն» ընկերությանը, ռեժիսոր Մարինե Զաքարյանին եւ պրոդյուսեր Հովհաննես Գալստյանին: Ֆիլմի մոնտաժային աշխատանքները կմեկնարկեն 2013 թվականի ապրիլին:

Նախորդ հոդվածը‘Մյանմայում անկարգությունների հետևանքով 56 մարդ է զոհվել’
Հաջորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյան. Սերժ, Տիգրան, Հրայր` ի՞նչ եք մտածում ‘