‘
Այսօր Վիլնյուսում մեկնարկել է ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարների երկօրյա ոչ պաշտոնական հանդիպումը, որտեղ կքննարկվեն Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագրի զարգացման և հարավային հարևանների հետ փոխհարաբերությունների կառուցման հեռանկարները: Ամենամյա այս ֆորումը տեղի է ունենում ԵՄ Խորհրդում Լիտվայի նախագահության շրջանակներում: Այն ղեկավարելու է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը: Ֆորումի աշխատանքներին կմասնակցի նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
Ոչ պաշտոնական հանդիպման օրակարգը ձևավորվում է նախապես, իսկ այն ավանդաբար անցկացվում է սեպտեմբերին և իրենից ներկայացնում է միջազգային քաղաքականության հեռանկարների վերաբերյալ մտքերի արտահայտման ազատ տարածք: Թեպետ այս անգամ, ինչպես նշում են փորձագետները, Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակը որոշակի փոփոխություններ մտցնի օրակարգում: Պատահական չէ, որ Քերին անակնկալ ժամանում է Վիլնյուս: Ենթադրվում է, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան կջանան, որպեսզի Սիրիայում ռազմական գործողություն սկսելու վերաբերյալ «հստակ քաղաքական հայտարարություն» արվի:
Նոյեմբերին Վիլնյուսում անցկացվելիք գագաթնաժողովին նախատեսված է, որ Ուկրաինան ԵՄ-ի հետ ստորագրելու է, իսկ Մոլդովան, Վրաստանը և, հնարավոր է՝ Հայաստանը՝ նախաստորագրելու են Ասոցացման և ազատ առևտրի գոտու համաձայնագիրը: Հայաստանը, ԵՄ-ի համար՝ անսպասելիորեն, հայտարարեց Մաքսային միությանը միանալու մասին, ինչն անհամատեղելի է, ինչպես կարծում են Բրյուսելում, ազատ առևտրի վերաբերյալ պայմանագրի հետ: Բացի այդ, Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին իր ելույթներից մեկի ժամանակ չի բացառել ապագայում Եվրասիական տնտեսական միության միանալու հնարավորությունը, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:
‘