‘Վիկտոր Դալլաքյան. «Եթե ես ասելիք ունենամ, լրագրողներին կհավաքեմ»’

756

Սերժ Սարգսանն այսօր հրամանագիր է ստորագրել, որով Վիկտոր Դալլաքյանին նշանակել է իր աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում: Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ էլ Սարգսյանը Դալլաքյանին նշանակել էր ԱԺ-ում նախագահի ներկայացուցիչ: Հաշվի առնելով այն, որ Սարգսյանն իրեն տարիներ շարունակ անխնա քննադատության ենթարկած Դալլաքյանին նման պաշտոնների է նշանակել, iLur.am-ը փորձեց հենց Դալլաքյանից ճշտել` ինչպե՞ս է մեկնաբանում իր նշանակումը: Նաեւ ցանկանում էինք ճշտել՝ արդյո՞ք հիմա` Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ լինելով` նա կփորձի՞ ճշտել, թե ինչքան գումարով է այժմ Սերժ Սարգսյանը «ղումար» խաղում Մոնտե Կառլոյում, արդյո՞ք «կոնը» բարձրացել է: Սակայն Դալլաքյանը հրաժարվեց մեկնաբանել իր նշանակումը`  հայտարարելով, թե ինքը «խոսելու ցանկություն չունի»: «Եթե ես ասելիք ունենամ, լրագրողներին կհրավիրեմ եւ իմ ասելիքը կասեմ»,- նշեց Դալլաքյանը:

Հիշեցնենք, որ վերջերս համացանցում էր հայտնվել մի տեսանյութ, որտեղ Դալլաքյանը նախընտրական հանդիպման ժամանակ մարդկանց հետ զրույցում հայտարարում էր. «Հիմա ձեր աշխատավարձը խի՞ ա ցածր, ձեր թոշակը խի՞ ա ցածր: Որովհետև երբ Սերժ Սարգսյանը Մոնտե Կառլո ա գնում ու կոն պտի խաղա, այսինքն՝ ղումար, 50.000 դոլար ա կոնը, հասկանո՞ւմ եք էդ ինչ ա նշանակում: Այսինքն՝ ստավկեն, որ սկսում ա, դնում են 50.000: Այ էդ ձեր փողերն ա, սաղիդ, ձերն ա էդ: Այսինքն ձեզ ձեռ են առնում: Քսան դրամ թոշակը բարձրացնում են, ձեզ ասում են՝ ձեր թոշակը բարձրացրինք, բա խի՞ չեք ուրախանում»:

Լուսանկարը` PanArmenian Photo

Նախորդ հոդվածը‘ Պահանջում եմ վերադարձնել ունեցվածքս ‘
Հաջորդ հոդվածը‘Նշանակվել է Ղազախստանի վարչապետը և հաստատվել է կառավարության կազմը’