‘Վիճաբանություն Բամբակաշատ գյուղում. վիրավորներից մեկը դեռ հիվանդանոցում է’

2470

Սեպտեմբերի 9-ին, ժամը 19.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխուղեղի ցնցում՝ հարցականով, գլխի գագաթա-ծոծրակային շրջանի սալջարդ, աջ եւ ձախ վերին եւ ստորին կոպերի ենթամաշկային հեմատոմաներ, քթի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 39-ամյա Արամ Մելիքյանը:

iLur.am-ի հետ զրույցում Արամ Մելիքյանի հորեղբայրը՝ Դավիթ Մելիքյանը նշեց, որ Արամին ծեծի է ենթարկել պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի որդին՝ ՄԱՊ-ի տնօրեն Մակար Պետրոսյանը: Ի դեպ, Արամ Մելիքյանը գյուղապետի թեկնածու Գոռ Մելիքյանի եղբորորդին է:

«Մակար Պետրոսյանը և նրա ընկերները ջիպերով կանգնեցրել են Արամին, նա մեքենայի պատուհանը իջեցրել է, որ հարցնի՝ ինչ է եղել, պիստալետի կոթով հարվածել են, հետո ծեծել»,- պատմում է Դավիթ Մելիքյանը:

Նրա համոզմամբ՝ այս ամենի նպատակը սեպտեմբերի 23-ին կայանալիք ընտրություններից առաջ գյուղում վախի մթնոլորտ ստեղծելն է:

Նույն օրը, ժամը 20.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխի գագաթաքունքային շրջանի սալջարդ` ձախից, ձախ արմնկային հոդի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 36-ամյա Արման Ս.-ն:
Պարզվել է, որ ժամը 19.30-ի սահմաններում, Բամբակաշատ գյուղի մշակույթի տան հարակից տարածքում մի խումբ երիտասարդներ վիճաբանել են նրա հետ, ծեծի ենթարկել եւ պատճառել վնասվածքներ:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված հանցագործությունները կատարել են 32-ամյա Կառլեն Ե.-ն եւ 32-ամյա Զոհրաբ Ե.-ն: Կառլեն Ե.-ն եւ Զոհրաբ Ե.-ն ձերբակալված են: Կատարվում է քննություն:

Նախորդ հոդվածը‘Արտակարգ պատահար Սիրիայում. սպանվել է 4, վիրավորվել՝ 10 հայ’
Հաջորդ հոդվածը‘«Հարսնաքարի» գործով առաջին դատական նիստի ժամանակ պիկետ կկազմակերպվի’