‘ՎիվաՍել-ը կփոխհատուցի աշխատակիցների պարտադիր կուտակային կենսաթոշակի գումարները’

820

ՄՏՍ-ը ևս մեկ անգամ կտրականապես հերքել է լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում վերջերս շրջանառվող այն տեղեկությունները, թե իբր ընկերությունն արգելել է իր աշխատակիցներին մասնակցել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ իրականացվող բողոքի ակցիաներին:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացել է ընկերության մամուլի ծառայությունից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը երբևէ չի սահմանափակել աշխատակիցների կողմից սեփական կարծիքն ազատ արտահայտելու` ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքը:

Հաշվի առնելով իր աշխատակիցների, ինչպես նաև հասարակության անվստահությունը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հանդեպ, ընկերությունը հանդես եկավ առաջարկությամբ, որ համակարգի ներդրումը լինի կամավոր, այլ ոչ թե պարտադիր, ինչի վերաբերյալ համապատասխան գրությունը ներկայացվել է ՀՀ Կառավարություն:  

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքնում որևէ փոփոխություն չկատարվեց, ընկերությունը որոշում է կայացրել փոխհատուցել աշխատակիցների պարտադիր կուտակային կենսաթոշակի գումարները:

Փոխհատուցելու որոշումը ներքին է և անկախ, և այն հարկավոր է դիտարկել բացառապես ընկերության` գործունեության առաջին իսկ օրվանից որդեգրած արժեհամակարգին հավատարիմ մնալու, այն է՝ աշխատակցի կողքին կանգնելու տեսանկյունից:

Հիշեցնենք, որ Կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը Հայաստանում ներդրվել է 2014 թվականի հունվարի 1-ից: Համակարգի մասնակիցները կլինեն 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված Հայաստանի քաղաքացիները: <Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մասին> օրինագծի համաձայն, բազային նվազագույն կենսաթոշակը կհավասարվի ապրուստի համար անհրաժեշտ մինիմումին, իսկ հիմնական կենսաթոշակը կկազմի ապրուստի համար անհրաժեշտ մինիմումի 150%-ը: Ամենամսյա պարտադիր վճարները կկազմեն աշխատավարձի 5%-ը, որի վրա կավելանա նաև պետության կողմից վճարվող լրացուցիչ 5%-ը (բայց 25 հազ.դրամից ոչ ավել):  

Նախորդ հոդվածը‘Նոր նշանակումներ ԼՂՀ-ում ‘
Հաջորդ հոդվածը‘Նալբանդյանն ու Մամեդյարովը կհանդիպեն հաջորդ շաբաթ’