‘Վլադիմիր Գասպարյանի երազը. Մամուլ’

1302

«ՉԻ»-ն իր «Թռիչքներ երազում և արթմնի» խորագրի ներքո գրում է.

Վլադիմիր Գասպարյանի երազը

Ոստիկանության ստորաբաժանումները լայնամասշտաբ զորավարժություններ են անցկացնում: Պայմանական ցուցարարները «Սերժիկ, հեռացիր» վանկարկելով մտել են Բաղրամյան պողոտա, ոստիկանությունն էլ շրջապատել է նախագահականը և պաշտպանում է: Որպեսզի ամեն ինչ հնարավորինս բնական լինի՝ ցուցարարներից շատերի շորերին կետչուպ է քսված, նախագահի կաբինետում էլ Սաշիկ Սարգսյանին են նստեցրել: Առայժմ ամեն ինչ ընթանում է ըստ սցենարի: Ինքը զանգում է Բադեն-Բադեն, որպեսզի շեֆին զեկուցի զորավարժությունների ընթացքի մասին: «Վովա, դրա վա՛խտը չի, բարկանում է Սերժ Սարգսյանը, ստեղ էսօր բախտս չի բերում, Տիկոյին ասա՝ արագացված տեմպերով մի քանի հատ թազա արագաչափ դնեն… Ո՞նց թե ինչքան ա պետք, Վիկտոր Դալլաքյանին հարցրու՝ ինքը ստավկեքը գիտի…»: Բայց ինքն այնուամենայնիվ հասցնում է զեկուցել զորավարժությունների մանրամասները: Լսափողի մյուս ծայրին մի պահ ծանր լռություն է տիրում, ապա լսվում է Սերժի կիսամեռ շշնջոցը. «Սաշիկին ներս եք թողել իմ կաբինե՞տ… պայմանական նախագահ եք նշանակե՞լ…»: Եվ դարձյալ մեռելային լռություն…

Իսկ զորավարժությունները շարունակվում են ըստ սցենարի: Բայց հանկարծ Սաշիկը մոտենում է պատուհանին… Ամեն ինչ միանգամից դուրս է գալիս վերահսկողությունից: Ցուցարարներն անմիջապես մոռանում են, որ իրենք պայմանական են, ու սկսում են իսկականից գրոհել, ոստիկանները մոռանում են իրենց պարտականություններն ու միանում նրանց… Ինքը փորձում է իր մարմնով փակել նրանց ճանապարհը, բայց տրորում-անցնում են…

Պատկերը փոխվում է: Ամեն ինչ վերջացած է: Ինքը սողեսող մի կերպ հասել է նստավայրի աստիճաններին, պատառոտված պիջակի ծվենների միջից մի կերպ գտել հեռախոսը, ու նորից զանգում է Բադեն-Բադեն. «Շե՛ֆ, իրավիճակը նորից վերահսկողության տակ է… վնասազերծեցինք… չէ, շատ բան չէր հասցրել, ինքն իրեն մարշալի կոչում էր տվել, Սևանա լճի մեջ էր 50 տոկոս փայ մտել, «Շան սիրտը» ֆիլմն էլ արգելել, մել էլ բյուջեի հաշվին քյաբաբ էր պատվիրել… Դաժե քարտուղարուհին ա սաղ-սալամաթ պրծել… Իրեն էլ տեղափոխել ենք անվտանգ տարածք»: Սերժը թեթևացած շունչ է քաշում…

Արթնանում է բարձր տրամադրությամբ:

Նախորդ հոդվածը‘Մահացել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ Էդիկ Զոհրաբյանը’
Հաջորդ հոդվածը‘Բրիտանիայում հրապարակել են ՉԹՕ-ների վերաբերյալ զինվորականների արխիվները ‘