‘Վլադիմիր Ենգիբարյանի դին կտեղափոխվի Հայաստան’

613

Լեգենդար բռնցքամարտիկ, օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի դին կտեղափոխվի հայրենիք և նա իր վերջին հանգրվանը կգտնի հայրենի հողում:

Այս որոշումը կայացվել է մարզաշխարհի ղեկավարության և Վլ. Ենգիբարյանի հարազատների կողմից: Լեգենդար բռնցքամարտիկը վերջին տարիներին բնակվում էր Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որտեղ էլ 81 տարեկան հասակում կնքել է իր մահկանացուն, հայտնում է Հայաստանի Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:

Վլ. Ենգիբարյանը եղել է Երևանի պատանի բռնցքամարտիկների դպրոցի հիմնադիր-տնօրենը, որը հետագայում անվանակոչվել է նրա անունով: Բռնցքամարտիկների մի քանի սերունդներ են ոգեշնչվել նրա հաջողություններով, կրթվել և դաստիարակվել մեծ մարզիկի պատգամներով: Նա արժանացել է բազմաթիվ պետական, կառավարական պարգևների, ձեռքբերել մարզական բարձրագույն տիտղոսը՝ դառնալով օլիմպիական չեմպիոն: Չնայած նա կյանքի վերջին տարիներին հայրենիքում չէր բնակվում, սակայն մշտապես սերտ կապի մեջ է եղել հայրենիքի և հատկապես հայաստանյան մարզաշխարհի հետ:

Վլ. Ենգիբարյանի հոգեհանգստը տեղի կունենա փետրվարի 15-ին ժամը 18:00-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, հուղարկավորության արարողությունը կսկսվի փետրվարի 16-ին ժամը 14:00-ին նույն տեղում, աճյունը հողին կհանձնվի Երևանի քաղաքային պանթեոնում:

Նախորդ հոդվածը‘«Հրազդան» ՔԿՀ պետը ծեծել է դատապարտյալին և ստիպել է կեղծ ցուցմունք տալ. Մամուլ ‘
Հաջորդ հոդվածը‘Օրվա աստղագուշակ’