‘
Հայ ազգային կոնգրեսի արտաքին կապերի պատասխանտու Վլադիմիր Կարապետյանը iLur.am-ի հետ զրույցում մեկնաբանելով ԵՄ-ի կողմից հրապարակված Հայաստանի վերաբերյալ տարեկան զեկույցը` նշեց, որ զեկույցը ընթերցելիս հետաքրքիր մանրամասներ են ի հայտ գալիս:
«Առաջին անգամ չէ, որ մեր ներքաղաքական հարցերին վերաբերող տեղեկությունները մենք ստանում ենք ոչ թե մեր պետական մարմիններից, այլ` օտարերկրյա աղբյուրներից: Սա վկայություն է այս իշխանության օտարածին լինելուն, որը հպատակի նման է իրեն պահում արտասահմանցիների հետ, եւ զավթիչի ու կեղեքիչի հոգեբանությամբ` սեփական քաղաքացիների հետ: Այսպես, փաստաթղթում կարդում ենք, որ իշխանությունները մշակել են ընտրական բարեփոխումների «ճանապարհային քարտեզ»: Այդ քարտեզը նրանք ներկայացրել են ԵՄ-ին, ինչպես ամիսներ առաջ հասարակության աչքից հեռու ստեղծված ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունների կատարման նախագահականում ստեղծված հանձնաժողովը իր գործունեության մասին զեկուցում էր ԵԱՀԿ-ին, սակայն մեր հասարակությունը տեղյակ չէ այս ամենից»,- նշեց Կարապետյանը:
Նրա խոսքով, զեկույցում ի հայտ է գալիս միջազգային կազմակերպությունների անհեւտեւողականությունը Հայաստանի ժողովրդավարացմանը նպաստելու քայլերում: Այսպես, նշում է Կարապետյանը, ԵՄ-ն նույնպես նկատում է , որ ԱԺ ընտրություններից հետո լույս տեսած ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հանձնանրարականներ/առաջարկությունները պետք է իրագործվեին մինչեւ նախագահական ընտրությունները, (/OSCE/ODIHR election observation mission identified a number of issues which still needed to be addressed before presidential elections in February 2013), սակայն թե ԵԱՀԿ-ն, թե` ԵՄ-ը անտեսեցին այս` իրենց իսկ կողմից ընդգծվող հանգամանքը, եւ չպահանջեցին ՀՀ իշխանությունների կողմից ընտրական բարեփոխումների կատարումը:
«Ավելին, երկու այս կազմակերպություններն էլ նախագահական ընտրություններին հաջորդած իրենց զեկույցներում եւ հայտարարություններում չեն նկատել, որ ՀՀ իշխանությունները արհամարել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հանձնարարականները, դրանով իսկ արժեզրկելով իրանց իսկ գնահատականները Հայաստանի հասարակության շրջանում: Զեկույցում նաեւ խոսվում է, որ իշխանությունները քայլեր են ձեռնարկել կոռուպցիայի հաղթահարման ուղղությամբ: Այդ դեպքում ի՞նչն է պատճառը, որ Հայաստանը միջազգային մասնագիտական կազմակերպությունների կողմից համարվում է տարածաշրջանում ամենակոռումպացվածներից մեկը: Ընդհանուր առմամբ զեկույցը աշխատանքային է, անդրադառնում է Հայաստան-ԵՄ համագործակցության բոլոր ոլորտներին: Նշվում են նաեւ այն առաջնահերությունները, որոնք պետք է իրագործվեն Հայաստանի կողմից առաջիկա ամիսներին: Դրանցից կառանձնացնեինք Մարտի 1-իսպանությունների բացահայտումը եւ ընտրական օրենսգրքի բարելավումը»,- նշեց Վլադիմիր Կարապետյանը:
Հ.Գ. ԵՄ-ի կողմից հրապարակված զեկույցի վերաբերյալ Վլադիմիր Կարապետյանի հետ iLur.am-ի առավել համապարփակ անդրադարձը` առաջիկայում:
‘