‘
Հայ Ազգային Կոնգրեսի կողմից նախաձեռնած ընտրությունների մոնիտորինգի շրջանակներում Կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը վստահված անձի կարգավիճակում երեկ կայացած քվեարկության ժամանակ գտնվել է Երեւանի 1/32 տեղամասում: iLur.am-ի հետ զրույցում Կարապետյանը նշեց, որ «բացի մի քանի անգամ տեղի ունեցած կուտակումներից (որոնք գործնականում չխոչընդոտեցին իր` վստահված անձի պարտականությունների կատարումը)եւ միկրոավտոբուսներով ընտրողներին ընտրատեղամաս ուղեկցելուց, այլ խախտումներ տեղի չեն ունեցել»: Դրա պատճառը, նրա խոսքով, ոչ միայն ընտրատեղամասում իրականացվող վերահսկողությունն էր, այլեւ՝ ՀՀԿ-ական հանձնաժողովականների ինքնավստահությունն իրենց հաղթանակի նկատմամբ:
Ըստ Կարապետյանի, գրանցված արդյունքն էլ շատ նման էր Նոր Նորքում արձանագրվածին` ժողովրդի մեծամասնությունը մերժեց Ս. Սարգսյանին: Հատկապես, ըստ նրա, ուշագրավ էր հանձնաժողովականների զարմանքն ու հարաճուն զայրույթը, երբ մեկը մյուսի հետեւից դուրս էին գալիս Ր. Հովհաննիսյանի օգտին քվեաթերթիկները. ՀՀԿ-ականները պարբերաբար բացականչում էին, որ «տարված քրտնաջան աշխատանքը ջուրն է ընկել»: «Պատկերացրեցի, թե ինչ է լինելու,մասնավորապես հանձնաժողովի նախագահի ճակատագիրը, որին հաշվարկի ժամանակ տասից ավելի անգամ ընդհատեցին զարնգերով` պահանջելով շտապ հաղորդել, թե որքան է պարտվում Ս. Սարգսյանը»,- ասաց Կարապետյանը:
Նա հավելեց նաեւ, որ «ժողովուրդը թերեւս հոգնել է Հայաստանի միակ մարդուց, ով 20 տարի անընդմեջ իշխանության մեջ է եւ այդ ընթացքում նա առանձնապես չի զարգացել, չի աշխատել իր վրա, չի շփվել ժողովրդի հետ գոնե ասուլիսների միջոցով, չի կարող ունենալ ելույթներ առանց աչքը կտրելուց ուրիշի կողմից գրված տեքստերից»:
«Քսան տարի շարունակ զբաղեցնելով պետական կարեւորագույն պաշտոններ, 5 տարի գտնվելով նախագահական նստավայրում՝ Ս. Սարգսյանը, չնայած իր արտերկիր այցելելու հակվածությանը, չի սովորել անգլերեն, չի մաքրել իր մերձավոր շրջապատը անգրագետ Լֆիկներից, Նեմեցներից ու Մկներից, ապավինում է նրանցից ավելի անդեմ ու անսկզբունքային ՀՀԿ-ական երիտասարդ կարիերիստներին»,- նշեց Կարապետյանը:
Վերջինիս խոսքով, ընտրողներից մեկն էլ մոտենալով իրեն՝ ասել էր. «Էս Սերժը գնալով նմանվում է Բրեժնեւին: Հերիք է էլի… ինչքա՞ն պետք է էս մարդը իշխի…:
Անդրադառնալով Կոնգրեսի՝ ընտրությունները կոնկրետ տեղամասերում վերահսկելու նախաձեռնությանը, Վ. Կարապետյանը կարեւորեց այն՝ նշելով, որ հազարավոր հանձնաժողովականների հետ միասին վերահսկման այս գործընթացը հնարավորություն է ընձեռել ընտրություններին առավել լիարժեք գնահատական տալու համար:
Մեր խնդրանքով Վ. Կարապետյանը անդրադարձավ նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի` Ազատության հրապարակում կայացած ասուլիսին: Նա ընդգծեց, որ եթե նա իրեն հայտարարում է ընտրված նախագահ, առավել եւս 80/20 հարաբերակցությամբ, ապա դրան պետք է հաջորդեն քայլեր, որոնց համապատասխան ձեւով կարձագանքի ժողովուրդը: Վլադիմիր Կարապետյանը հույս հայտնեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հուսախաբ չի անի իրեն ձայն տված հարյուր հազարավոր մարդկանց:
‘