‘Վլադիմիր Կարապետյան. Գալուստ Սահակյանը ստախոս է’

3490

Կամ երկու խոսք 1997թ. հակամարտության երեք կողմերին ներկայացված Փուլային փաստաթղթի մասին

Ազատություն ռ/կ-ին տված հարցազրույցում ՀՀԿ ներկայացուցիչ Գալուստ Սահակյանը ասում է հետևյալը. «Մեր երկրում էլ նման սիտուացիաներ չեն լինի, որպեսզի որևէ նախագահ հրաժարական տա: Մի դեպքը բավական էր, որը կատարեց առաջին նախագահը, և թող հիշողությունը թարմացնի, թե ինչու համար: Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, դա հասկանալի էր, որովհետև մեր երկրի կարևորագույն քաղաքական խնդիրը Ղարաբաղն էր, իսկ առաջին նախագահը դա տեսնում էր Ադրբեջանի կազմում` հատուկ կարգավիճակով: Նման դեպքերում, բնականաբար, հրաժարականի խնդիր պիտի լինի, [իսկ] այսօր նման խնդիրներ չկան»:

Պարոն Սահակյանի մասին կարելի էր շատ բան ասել. օրինակ, որ իր քաղաքական գործունեության հիմնական նպատակը որդիներին բարձր պաշտոնների տեղավորելն ու նրանց «ապահով» գործունեության համար քաղաքական տանիք հանդիսանալն է, նաև՝ որ նա իր վրա է վերցնում ՀՀԿ ծանր բեռը՝ ժողովրդականություն չունեցող հարցերի մասին խոսելու ու շատ հաճախ խոսքը անհասկանալի բառակույտի վերացնելու հարցում:  Նման մեղադրանքներ եղել են ու, կարծում եմ, դեռ կլինեն: Սակայն վերը բերած խոսքը չի կարելի անվանել զգացմունքային կամ պահի տակ ասված: Այսուհետ պրն Սահակյանին պարզապես կարելի է անվանել ստախոս: Ասածս հիմնավորելու համար պարզապես ներկայացնեմ այն փաստաթուղթը, որը Մինսկի խումբը ներկայացրել էր հակամարտության երեք (!) կողմերին 1998 թ.՝ ՀՀ նախագահի հրաժարականից մեկ ամիս առաջ:

1997 թ. դեկտեմբերին Հայաստանին ու ԼՂՀ-ին ներկայացվել է հակամարտության կարգավորման Փուլային տարբերակը 

Ի տարբերություն այն փաստաթղթի (ԼՂ հակամարտության կարգավորման Հիմնարար Սկզբունքների մասին՝ Մադրիդյան փաստաթուղթ), որը պատրաստ էր ստորագրել Սերժ Սարգսյանը 2011 թ. ամռանը Կազանում, և որը չէր նախատեսում ԼՂՀ որևէ մասնակցություն փաստաթղթի ստորագրման, կամ դրույթների կատարման որևէ փուլում, 1997թ.Փուլային համաձայնագրի համաձայն` ԼՂՀ իշխանությունները պահպանում էին իրավիճակի լիարժեք վերահսկողությունը՝ մնալով լիիրավ կողմ:

1997թ. համաձայնագրի VIII հոդվածի համաձայն՝ պետք է ստեղծվեր Մշտական խառը հանձնաժողով, որի նախագահը ԵԱՀԿ-ի ներկայացուցիչ էր, իսկ տեղակալներից մեկը` ԼՂՀ ներկայացուցիչը, մյուսը` Ադրբեջանի: Հանձնաժողովը պետք է հետեւեր համաձայնագրի դրույթների կատարմանը: Այն ունենալու էր ռազմական, տնտեսական, մարդասիրական, մշակութային և կապի ենթահանձնաժողովներ:

XI հոդվածի համաձայն` «բոլոր երեք կողմերը» պետք է շարունակեին բանակցությունները ԼՂ կարգավիճակի որոշման նպատակով: Երեք կողմերի ձեռք բերվելիք համաձայնությունները պետք է ճանաչվեին միջազգային հանրության կողմից:

Այստեղից պարզ է, որ 1997 թ. փաստաթղթով ԼՂՀն ունենում էր վետոյի իրավունք, եւ հենց ԼՂՀն պետք է կրեր բանակցությունների արդյունավետության վերաբերյալ պատասխանատվություն և իրականացներ իր ճակատագիրը որոշելու իրավունքը:

1997թ. Փուլային համաձայնագրով (փաստաթղթի վերլուծությանը կարելի է ծանոթանալ այստեղ) նախատեսվում էր ԼՂ միջանկյալ կարգավիճակ: Միջանկյալ կարգավիճակի դրույթները ներկայացված էին շատ ավելի ծավալուն եւ մանրամասն, քան Մադրիդյանում, եւ ԼՂՀ իշխանությունների իրավասությունները անհամեմատ շատ էին: Փաստաթղթով ճանաչվում էր, որ ԼՂ ապագա կարգավիճակի որոշման հետագա բանակցությունները վարելու էին երեք կողմերը, հետեւաբար՝ ԼՂՀ-ն պաշտոնապես ստանում էր ճանաչվածի կարգավիճակ. այլ դեպքում մի սեղանի շուրջ չէին նստի Ադրբեջանի եւ ԼՂՀ ներկայացուցիչները, որոնց տրվում էին մեծ իրավունքներ: Մասնավորապես.

1997թ. համաձայնագրի Հոդված III կետ D.

— «Զորքերի դուրսբերումից հետո ԼՂ իշխանությունների կողմից վերահսկվող բոլոր շրջաններում անվտանգությունը ապահովվում է ԼՂ համապատասխան ռազմական եւ անվտանգության կառույցների կողմից»:

 Այս նվաճումներից և ոչ մեկը չկա Մադրիդյանում ,և Սերժ Սարգսյանը պետք է հասարակությանը բացատրի, թե ինչպես եղավ, որ այսօր Լեռնային Ղարաբաղը նախ դուրս մնաց բանակցություններից , այնուհետև ԼՂՀ-ն , որպես վերահսկող գործոն, դուրս մնաց Կազանում ներկայացված փաստաթղթից

Ուշադիր կսպասեմ ՀՀԿ որևէ ներկայացուցչի արձագանքին:

Վլադիմիր Կարապետյան

Հայ Ազգային Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողով

 

Նախորդ հոդվածը‘Human Rights Defense-ը մտահոգված է Ազատության հրապարակում ոստիկանության գործողությունների առնչությամբ’
Հաջորդ հոդվածը‘Տաջիկստանում նախագահական ընտրություններում անակնկալներ չեն սպասվում’