‘Վլադիմիր Կարապետյան. Դիտորդների գնահատականները դառնում են առավել ադեկվատ ‘

1654

Հայ ազգային կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը iLur.am-ի հետ զրույցում մեկնաբանելով այսօր ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ-ի կողմից հրապարակված անակնկալ միջանկյալ զեկույցը նշեց, որ «հարկավոր  է նշել, որ սա արտահերթ եւ չծրագրված զեկույց է»:

«Ըստ երեւույթին դիտորդները ցանկացել են ավելի մանրամասն անդրադառնալ, կամ մատնանշել այն խախտումները, որ նկատել են: Հնարավոր է, որ երրորդ նախնական զեկույցով հանդես գալու պատճառը այն է, որ իշխանությունները սկսեցին չարաշահել իրենց առաջին զեկույցը` ներկայացնելով դրա միայն դրական կողմերը: Այս զեկույցի գնահատականները առավել կոշտ են: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ընդգծել է, որ բոլոր այն ընտրատարածքներում, ուր մասնակցությունը բարձր է եղել` Ս. Սարգսյանը մեծ առավելությամբ հաղթել է : Դիտորդները նույնպես հարցականի տակ են դրել ընտրական ողջ գործընթաց ազատ/ազնիվ լինելը /The tendency of higher results for the incumbent observed at the majority of stations with high turnout raises concerns regarding the confidence over the integrityof the electoral process/”: Այս նախադասությունը միանշանակորեն հերքում է բոլոր նրանց պնդումները, որոնք այս ընտրությունները համարում են առաջընթաց` նախորդների համեմատ:  Ցանկանում եմ հիշեցնել, որ այն ընտրատարածքներում, որտեղ Հայ Ազգային Կոնգրեսը իրականացրել  է վերահսկողություն` մասնակցությունը չի գերազանցել  50 տոկոսը եւ ամենուր հաղթել է Ժառանգության առաջնորդը: Այսինքն, այն տեղամասերում, որտեղ վերահսկողություն տեղի չի ունեցել, կամ եղել է ձեւական` տեղի են ունեցել համատարած խախտումներ, ինչը չէր կարող վրիպել դիտորդների ուշադրությունից»,- նշեց Կարապետյանը:

Նրա խոսքով, այս աղաղակող փաստը մատնանշելով, դիտորդները նաեւ նկատել են հեռուստաընկերությունների վարքագծի կտրուկ փոփոխություն:  Ըստ այդմ, «հ/ը-ները ընտրովի մոտեցում են ցուցաբերել քաղաքական իրադարձությունները մեկնաբանելիս, նկատելի միտումով սահմանափակել ընտրությունների անցկացման քննադատական մեկնաբանությունները/կարծիքները:» «Ակնհայտ է, որ խոսքը գնում է նախագահականի վերահսկողության տակ գտնվող հեռուստաընկերությունների մասին: Սրանով լրջագույն հարված է հասցվում իշխանական քարոզիչների կրկնվող պնդումներին` ընտրությունների աննախադեպ որակի վերաբերյալ: Սպասենք, որ մարտի դուրս գան քողարկված իշխանամետ վերլուծագանգերը, որոնց պարտադրելու են կրկնել ընտրությունների ազատ լինելու թեզը: Զեկույցում նաեւ նշված է, որ չնայած վերահաշվարկ անելու վերաբերյալ Ռ. Հովհաննիսյանի 132 դիմումին ` բացի երեք տեղամասից դրանք բոլորը մերժվել են: Դիտորդները զեկուցել են ընտրողների վրա ճնշումների, ընտրակաշառքի, ապօրինի միջամտության բազմաթիվ փաստերի մասին: Նրանք նկատել են, որ նման խախտումները բացասաբար են անդրադառձել ընտրողների ազատ քվերկության իրավունքի իրացման վրա, ինչը 1990 թ. ընդունված Կոպենհագենյան Փաստաթղթի 7.7 կետի պահանջն  է: Սրանով նույնպես դիտորները գնահատական են տալիս ՀՀԿ այն պատգամավորների պնդումներին, որոնք խոսում էին միջազգային ստանդարտների չափանիշներով ընտրությունների մասին»,- նշեց Կարապետյանը:

Վերջինս նաեւ հավելեց, որ եզրակացություն անելով կնշեր, որ դիտորդների գնահատականները դառնում են առավել ադեկվատ, եւ հույս հայտնեց, որ իշխանության քարոզիչները նույնպես կդադարեն ապակողմնորոշել ժողովրդին ընտրությունների որակի շուրջ ստահոդ դատումներով: «Միեւնույն է նրանց ոչ ոք չի հավատում, Ս. Սարգսյանը չի ստացել ժողովրդի աջակցությունը: Զեկույցը ընթերցելիս նաեւ հասկացա, որ ոչ միայն մենք ենք համոզված, որ Ս. Սարգսյանին հայ ժողովուրդը չի ընտրել, այլ այսօր նաեւ միջազգային դիտորդները եւ նրանց գնահատականին վստահող միջազգային հանրությունը»,- նշռց Կարապետյանը:

Նախորդ հոդվածը‘«Տոտենհեմը» ամեն ինչ անում է Գարեթ Բեյլին թիմում պահելու համար’
Հաջորդ հոդվածը‘Յուպ Հայնկես. Աշխարհում լավագույնը Շվայնշտայգերն ու Բուսկետսն են’