‘Վլադիմիր Կարապետյան. ԵԽ բանաձևը պատասխան է Ս.Սարգսյանի անհավասարակշիռ քաղաքականությանը’

1764

Նախորդ հոդվածում խոսվեց հոկտեմբերի 23 -ին Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) ընդունած բանաձևի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող 16-րդ հոդվածի  և  դրա պատճառների մասին:

ԼՂ հակամարտության կարգավորում

ՄԱԿ-ի չորս բանաձևերի և Մադրիդյան սկզբունքների՝ Հայաստանի համար ոչ ձեռնտու`  միաժամանակյա վկայակոչման դրույթները տեղ են գտել ԵԽ բանաձևի նաև 23-րդ հոդվածում: Այն նվիրված է Արևելյան գործընկերության տարածքում հակամարտությունների կարգավորմանը, որոնց թվում է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Տարօրինակ կերպով՝ ԼՂ հակամարտությունն արժանացել էր առանձին հոդվածի, ուր եվրոպական համայնքն առաջին անգամ խոսել էր «մի երկրի կողմից մյուսի տարածքների բռնազավթման անընդունելի լինելու մասին» (հոդված 16): Իշխանության ներկայացուցիչների բացատրություններն ու արդարացումները, իբր՝ դա հնարավոր դարձավ ադրբեջանական դիվանագիտության «խավիարային» լոբբինիգի շնորհիվ, ավելի մտահոգիչ են, քանզի այդպիսով հարցականի տակ են դրվում ԼՂ հարցում հայկական դիվանագիտության կարողությունները: Նման բացատրությունը նշանակում է, որ ադրբեջանցիները կարողանալու են նաև այլ՝ ավելի կարևոր ատյաններում անցկացնել իրենց ձեռնտու բանաձևեր՝ մի օր հասնելով նրան, որ մեծ թվով միջազգային կազմակերպություններ կընդունեն ադրբեջանական տեսակետները:

Հարցը, սակայն, բնականաբար, շատ ավելի լուրջ է. Ադրբեջանը սկսել է մեզ հաղթել նաև միջազգային ասպարեզում: Ղարաբաղի խնդրի՝ միջազգային հարթություն տեղափոխվելուն պես Ադրբեջանը միշտ էլ կիրառել է խավիարային դիվանագիտությունը, ընդ որում՝ շատ ավելի բազմազան միջոցների դիմելով, քան պարզապես կաշառելը: Սակայն նրանք մեկը մյուսի հետևից հաղթանակներ սկսեցին տոնել հենց Սերժ Սարգսյանի օրոք, որովհետև  ի դեմս Էդիկ Նալբանդյանի՝ Ս. Սարգսյանն այնպես թուլացրեց մեր ԱԳՆ-ն, այնպիսի մարդկանց նշանակեցին կարևոր պաշտոնների ու ձախողեցին քաղաքական առաջնահերթությունների ընտրությունը, որ հետևանքները երկար սպասել չտվեցին: Նման իրավիճակում անգամ ավելորդ է նշել, որ ԱԳ նախարարը պարտավոր է հրաժարական տալ:

ԵՄ-Հայաստան երկկողմ հարաբերություններ

ԵԽ բանաձևի 29-րդ հոդվածը առանձին անդրադառնում է Հայաստանի հետ ԵՄ հարաբերություններին: Դրվատանքով խոսելով բանակցված Ասոցացման համաձայնագրի որոշ պահանջների կատարման ընթացքի մասին՝ խորհրդարանը ճանաչում է, որ «անհրաժեշտություն կա անդրադառնալու ժողովրդավարության ոլորտում շարունակական բացթողումներին»: Ճանաչվում է, որ լրացուցիչ քայլեր պետք է իրականացվեն կառավարման բարեփոխումներում՝ ներառյալ իրավապահ համակարգը, արդարադատությունը և կոռուպցիայի դեմ պայքարը: «Եվրոպական խորհրդարանը ափսոսանք է հայտնում դեպի Մաքսային միություն շարժվելու՝ Հայաստանի իշխանությունների վերջին որոշման կապակցությամբ՝ հիշեցնելով, որ նման քաղաքականությունը անհամատեղելի է Ասոցացման համաձայնագրի հետ»: Այս ձևակերպումը պատասխան է Սերժ Սարգսյանի՝ Եվրոպայի Խորհրդում արտահայտած ցանկությանը՝ Ասոցացման համաձայնագրի ստորագրման վերաբերյալ: Եվրոպական խորհրդարանը մերժում է Ս. Սարգսյանի խնդրանքը և հերթական անգամ անհարմար վիճակի մեջ դնում մեր երկիրը: Նման դեպքերում, առհասարակ, իշխանությունները պետք է պահեն զսպվածություն և թույլ չտան իրենց անել այնպիսի հայտարարություններ, որոնք որոշ ժամանակ անց կարող են հերքվել: Հաշվի առնելով նախկին փորձը՝ Սերժ Սարգսյանի պարագայում նման պահվածքը սպասելի էր, միևնուն ժամանակ՝ տարակուսելի է, թե ինչո՞ւ իր շրջապատում աշխատող բազմաթիվ դիվանագետները չեն հուշել, որ չի կարելի անել այնպիսի քայլեր, որոնք օրեր անց հարվածելու են իրենց իսկ ղեկավարի հեղինակությանը և մեր երկրի վարկին:

ԵԽ-ն  նկատել է մեկ այլ կարևոր հանգամանք, որը ցույց է տալիս այս իշխանության ոչ օրինակարգ բնույթը: Այսպես, «դատապարտվում է այն փաստը, որ (դեպի Մաքսային միություն) ընտրությունը կատարվել է առանց խորհրդարանական համապարփակ քննարկումների ու բանավեճերի, առանց բաց և թափանցիկ քննարկման Հայաստանի հասարակության հետ»: Այս մասին բազմիցս մատնանշել է նաև Հայ ազգային կոնգրեսը՝ ընդգծելով Ս. Սարգյսանի միանձնյա որոշման անընդունելի լինելը: Նման ճգնաժամային իրավիճակներում է իրապես դրևորվում իշխանության բնույթն ու վարքագիծը: Սովորական առօրյայում Սերժ Սարգսյանն ու իր շքախումբը ներկայանում են հասարակությանը որպես պատկառելի պաշտոնյաներ, որոնք, իբր, մտածում են երկրի, ժողովրդի հոգսերի մասին: Սակայն այն ժամանակ, երբ դա պետք է գործով ապացուցես, նրանք թաքնվում են անվտանգության աշխատակիցների կողմից խիստ պահպանվող գրասենյակներում և մթության քողի տակ երկրի ճակատագրի վերաբերյալ որոշումներ կայացնում՝ հասարակությանը մատուցելով այն որպես արդեն տեղի ունեցած փաստ: Հիշենք հայ-թուրքական ձախորդ արձանագրությունների ընդունման գործընթացը, նույն ոճով Ս. Սարգսյանը գործեց նաև սեպտեմբերի 3-ին: Այդ պատմական, սակայն չհաշվարկված, հետևաբար՝ սխալ քայլերի միակ «դրական» հետևանքն այն էր, որ մի կարճ ժամանակով Հայաստանը հայտնվել էր միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, սակայն դրանից հետո մեր մասին տարիներով մոռանում են, ավելի ճիշտ՝ մեզ արհամարհում են:

ԵԽ բանաձևի նույն հոդվածով հույս է հայտնվում, որ Հայաստանը շարունակելու է ԵՄ ուղղությամբ բարեփոխումները (hopes, in this regard, that Armenia will continue EU-related reforms), «որոնց իրականացումը նպաստելու է Հայաստանի տնտեսական բարգավաճմանը և երկրում տակավին առկա սոցիալ-տնտեսական ու քաղաքական խնդիրների լուծմանը»: ԵԽ-ն կրկին ընդգծում, որ Եվրոպական Միությունը բաց է համագործակցության համար՝ կոչ անելով պատժել Եվրոպական ինտեգրման օգտին հանդես եկող քաղաքացիական հասարակության ակտիվիստների վրա հարձակում կատարած անձանց:

Ինչպես նշվել էր նախորդ հոդվածում, այս բանաձևը պատասխան է Սերժ Սարգսյանի խիստ անհավասարակշիռ, ոչ թափանցիկ քաղաքականությանը: Այս բանաձևը դատավճիռ է Հանրապետական կուսակցության և փոքրաթիվ այն գործիչների նկատմամբ, որոնք շարունակում են պաշտպանել Սերժ Սարգսյանի քաղաքականությունը: Վերջինս նույնչափ ձախորդ է նաև Արևելյան ուղղությամբ, ՀՀ իշխանությունները չեն կարողանում նաև Ռուսաստանի հետ պահպանել արժանապատիվ և փոխադարձ հարգանքի վրա հիմնված գործընկերության մակարդակը: Նման քայլերով Սերժ Սարգսյանը կորցնում է այն փոքրաթիվ կոմնակիցների աջակցությունը, որ ուներ նախկինում՝ հայտնվելով ոչ միայն միջազգային մեկուսացման մեջ, այլ նաև ներքին: Այդ իրողության ամրապնդման ուղղությամբ էլ պետք է տեղի ունենա հասարակության առաջադեմ հատվածի համախմբումը:

Վլադիմիր Կարապետյան

Հայ Ազգային Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողով

Նախորդ հոդվածը‘Ավազակային հարձակում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի վրա’
Հաջորդ հոդվածը‘«Սուպերկլասիկո», որը մենք չտեսանք (Տեսանյութ)’