‘Վլադիմիր Կարապետյան. Իշխանությունները չեն կարեւորում ԵՄ հետ հարաբերությունները’

1372

Եթե մինչեւ 2013 թվականը Հայաստանին վերաբերող Եվրամիության պատրաստած զեկույցներն ու հանձնարարականները բավական մեծ քաղաքական նշանակություն ունեին, ապա այսօր ոչ ոք ուշադրություն չի դարձնելու դրանց վրա, iLur.am-ի հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը:

«Իշխանությունները չեն կարեւորում ԵՄ հետ համագործակցության խորացումը: Կարծես թե, եվրոպացիներն էլ առանձնապես ուշադրություն չեն դարձնում իրենց հանձնարարականների կատարման ընթացքի վրա, ինչը պայմանավորված է մի շարք հանգամանքներով: Մեկը մյուսին հաջորդող զեկույցները փաստում են, որ որեւէ զարգացում չկա, Հայաստանը որեւէ առաջընթաց չի ցուցաբերում՝ անտեսելով եվրոպացի գործընկերների հորդորներն ու խորհուրդները», — ասաց նա:

Կարապետյանի խոսքով, Եվրամիության հարևանության քաղաքականության առաջընթացի վերաբերյալ՝ օրերս հրապարակված փաստաթղթին գնահատական տալիս նախ պետք է հաշվի առնել, որ դրանում ներկայացվում է 2014-ի վիճակը, հետեւաբար փետրվարին իշխանության կողմից ընդդիմության մի հատվածի նկատմամբ կիրառած ահաբեկչական գործողությունները զեկույցում տեղ չեն գտել:

Միեւնույն ժամանակ, ըստ նրա, մի փաստաթղթից մյուսն են անցնում Մարտի 1-ի, ընտրական օրենսգրքի, մամուլի ազատության, կոռուպցիայի հետ կապված խնդիրները: «Փաստորեն, ոչ մի դրական տեղաշարժ այս հարցերում չկա», — նշեց մեր զրուցակիցը:
Վլադիմիր Կարապետյանը չի կիսում իշխանությունների լավատեսությունը՝ ԵՄ հետ հարաբերություններում ակտիվացման նոր փուլի հետ կապված:  Նրա կանխատեսմամբ, մայիսին Ռիգայում կայանալիք ԱրլԳ գագաթնաժողովի ժամանակ Հայաստանի համար առավելագույնը, ինչին կարելի է սպասել, դեկլարատիվ մի փաստաթուղթը կլինի՝ մտադրությունների հուշագիր կամ նման մի բան:

«Ինչ-որ հեղափոխական զարգացումներ պետք չէ սպասել: Արտաքին քաղաքականության մեջ կորցնելով իր ինքնուրունությունը, Սերժ Սարգսյանը հազիվ թե կարողանա խորացնել եւ պատշաճ մակարդակի հասցնել ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները», — ասաց նա:

Ինչ վերաբերում է օրերս ֆրանսիական France24 ալիքին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանի արած հայտարարությանը, թե՝ «Հայաստանը ձեռնարկում է ամեն ինչ՝ Եվրոպային եւ Ռուսաստանին հաշտեցնելու նպատակով», ապա այն, ըստ Կարապետյանի առավել քան հավակնոտ է:

«Հաշվի առնելով, որ նա ոչ մի եվրոպական արժեքավոր մայրաքաղաքում չի ընդունվում, չունի առանձին հանդիպումներ եվրոպական լիդերների հետ, նույնիսկ Պուտինին հանդիպում է, թերեւս, ոչ այնքան հաճախ, որքան կուզենար, սա պարզապես ամպագորգոռ հայտարարություն է, թող սրան գնահատական տան իր եվրոպացի եւ ռուսաստանցի գործընկերները», — ասաց մեր զրուցակիցը:: 

Նախորդ հոդվածը‘Ասադ. Իմ օրինակարգության աղբյուրը ժողովուրդն է’
Հաջորդ հոդվածը‘ԼԺՀ. Ուկրաինայի կառավարությունում ռազմական հանցագործներ են նստած’