‘Վլադիմիր Կարապետյան. Մի քանի դիտարկում Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցի կապակցությամբ’

2666

Սերժ Սարգսյանի նոյեմբերի 10-ի անդրադարձը ընդդիմության ներկայացրած 12 պահանջներին հետապնդում էր որոշակի նպատակներ:

Փորձենք ներկայացնել Ս. Սարգսյանի նպատակները և իր արած քայլի հետևանքները.

— Ս. Սարգսյանը փորձում էր ստեղծել ընդդիմության հետ երկխոսության մի հարթակ, որը հնարավորություն կտար երկարաձգել վերջինիս ծրագրերի իրականացումը;

— Դա նաև փորձ էր մոլորեցնել հանրությանը՝ յուրային լրատվամիջոցների միջոցով ակտիվորեն տարածելով այն վարկածը, իբրև թե կա պայմանավորվածություն Ս. Սարգսյանի և միացյալ ընդդիմության անդամներից մեկի միջև՝ միացյալ ընդդիմության և իշխանության դիմակայությունը փոխադարձ վերահսկելի դարձնելու վերաբերյալ;

— Եթե հաջողվեր ստանալ միացյալ ընդդիմության անդաներից առնվազն մեկի չափավոր դրական վերաբերմունք Ս. Սարգսյանի այս նախաձեռնությանը, դա հիմքեր կստեղծեր իշխանության համար խորացնելու առաջացող ճեղքերը;

— Սա նաև փորձ էր սեփական թիմին վստահեցնելու, որ Ս. Սարգսյանն ի զորու է «շախմատային մեկ քայլով» տարաձայնություններ առաջացնել ընդդիմության շարքերում;

— Ս. Սարգսյանը նաև փորձ կատարեց օգտվել ընդդիմության շրջանում վերջին օրերին հրապարակային դարձած մարտավարական տարբերություններից:

Ս. Սարգսյանի հարցազրույցին հաջորդած՝ Հովիկ Աբրահամյանի առաջին արձագանքը վկայում է, որ Ս. Սարգսյանը հարցազրույցի վերաբերյալ որոշումը կայացրել է հապճեպ, ինչը նրան ստիպեց լրացուցիչ ջանքեր գործադրել վարչապետի գրասենյակից իր հայտարարություններին համահունչ պատասխան ստանալու համար: 

Ս. Սարգսյանի վերոհիշյալ նպատակները բավականին ռիսկային էին, քանի որ ընդդիմության միասնական պատասխանի պարագայում Ս. Սարգսյանի ակնկալվող դիվիդենտները հօդս էին ցնդում:

Այդպես էլ եղավ: Ընդդիմության երեկվա միասնական դիրքորոշումից հետո Ս. Սարգսյանի քայլը ոչ միայն իմաստազրկվեց, այլև շարունակաբար վնաս է հասցնելու նախաձեռնության հեղինակին: Ավելին, ընդդիմության փաստացի մերժումը՝ Ս. Սարգսյանի հետ երկխոսության գնալու, և Ընտրական օրենսգրքում փոփոխությունների տեսքով նախապայմաններ առաջ քաշելը բացեց բոլոր քարտերը՝ բացահայտելով Ս. Սարգսյանի բավականին պարզունակ մարտավարությունը: Հանրությունը համոզվեց, որ ընդդիմության և Ս. Սարգսյանի միջև որևէ պայմանավորածություն չկար, միացյալ ընդդիմությունը չի պատրաստվում մտնել իշխանության հետ բանակցային անպտուղ շրջանի մեջ, և Ս. Սարգսյանի «հեղափոխական» առաջարկությունը պարզապես մնաց օդում կախված: Իրեն նախագահ համարողի համար սա շատ անպատվաբեր իրավիճակ է՝ տեսանելի բոլորի համար:

Կարելի է արձանագրել Ս. Սարգսյանի ձախողումը նաև յուրայինների աչքում, քանի որ բոլորը համոզվեցին, որ ՀՀԿ առաջնորդը կատարեց ճարահատյալ մի քայլ, որն ի զորու էր ինտրիգ ապահովել միայն հաշված ժամերի ընթացքում: Միացյալ ընդդիմությունը, փաստորեն, արհամարհեց Ս. Սարգսյանի հայտարարությունը՝ ապահովելով դիրքային առավելություն իշխանության նկատմամբ: Ս. Սարգսյանը սպառել է նման խորամանկ քայլերով իրադրությունը իր օգտին շրջելու հնարավորությունները և պետք է պատրաստվի ոչ թե իմիտացիոն, այլ իրական զիջումների: Ինչպես վերջին հանրահավաքին հայտարարել էր Լ. Տեր-Պետրոսյանը, Շարժումը այլևս մանր-մունր խնդիրներով չի զբաղվելու՝ կենտրոնանալով իշխանափոխության վրա:

Հ.Գ. Նույն հարցազրույցում սահմանադրության  փոփոխության վերաբերյալ Ս. Սարգսյանը ասել էր. «առանց կոնսոլիդացիայի, առանց քաղաքական ուժերի սատարման՝ դժվար է ստանալ լավ փաստաթուղթ, դժվար է ստանալ լավ Սահմանադրություն: Մեզ համար դա շատ էական է…»: Քանի որ միացյալ ընդդիմությունը չի պատրաստվում փոխել իր խիստ բացասական վերաբերմունքը այս նախաձեռնության վերաբերյալ, այսինքն՝ Ս. Սարգսյանի ակնկալած կոնսոլիդացիան այս հարցում հնարավոր չէ, կարելի է վստահ պնդել, որ Ս. Սարգսյանը սկսել է պատրաստել սեփական թիմին սահմանադրական բարեփոխումներից հետ կանգնելու՝ իր ավելի քան հավանական որոշմանը: Այլ կերպ դժվար է մեկնաբանել Ս. Սարգսյանի խոսքերը: 

Նախորդ հոդվածը‘Եռյակի միասնական շտաբի բացումը` Մասիսում (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ՍԴ-ն քննում է ԵՏՄ-ին ՀՀ անդամակցելու պայմանագիրը (ֆոտոշարք)’