‘Վլադիմիր Կարապետյան. Նույնիսկ Մարտի 1-ի սպանդից հետո դեսպաններն իրենց թույլ չեն տվել նման կերպ վարվել ‘

1105

Լուրջ պետությունների, իրեն հարգող իշխանությունների հետ օտարերկրյա դեսպանները նման կերպ չեն վարվում: iLur.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանը՝ հավելելով, որ եթե իշխանություններն ունենային արժանապատվություն, ապա կարձագանքեին եւ տեղը կդնեին նման կոշտ հայտարարություններով հանդես եկող դիվանագետներին:

«Հատկապես ինձ համար անհասկանալի է վարչապետի լռությունը: Դեսպան Կովալենկոն արձագանքել է հենց իր հայտարարություններին, եւ այդ անդրադարձը, կարծում եմ, դիվանագիտական էթիկայից դուրս է: Անմիջապես պետք է խոսեր, իսկ ավելի ճիշտ` գործեր վարչապետը, որը շատ հստակ արտահայտվել էր ՌԴ «Հայրենակիցներ» ծրագրի` Հայաստանում իրականացվող գործունեության մասին»,- նշեց Կարապետյանը:

Այն, որ Հայաստանի վարչապետի քննադատական խոսքերից հետո էլ ծրագիրը ոչ միայն գործում է, այլև դեսպանն իրեն թույլ է տալիս հակադարձել մեր բարձրաստիճան պետական այրի հայտնած դիրքորոշմանը, ըստ Վլադիմիր Կարապետյանի՝ խոսում է մեր իշխանությունների որակի, խոսքերի արժեքի մասին: Անդրադառնալով ԱՄՆ դեսպանի հայտարարությանը՝ Կարապետյանն ասաց, որ համաձայն է դեսպանի հնչեցրած գնահատականների հետ ու կիսում է այդ մոտեցումը, սակայն հարցեր է առաջացնում այն, որ դա արվում է այդպիսի կարգով:

«Ե՞րբ էր որեւէ դեսպան իրեն թույլ տվել նման խոսքեր` նույնիսկ Մարտի 1-ի սպանդից, հարյուրավոր ձերբակալություններից հետո, այդ թվում՝ պատգամավորները, դեսպաններն իրենց թույլ չեն տվել նման կերպ վարվել»,- ընդգծեց Կարապետյանը:

Նրան զարմացնում է այն, որ նման արհամարհական վերաբերմունքից հետո Հանրապետական կուսակցությունը խոսում է իրենց իշխանության հեղինակության ու միջազգային վարկի մասին: «Եթե այդպես է, գոնե  արձագանքեք դեսպանների ասածին»,- ասաց Կարապետյանը՝ ընդգծելով, որ մի կարևոր հանգամանք էլ է անտեսվել.

«Սովորաբար, կոշտ արձագանքներն արվում են մայրաքաղաքներում` ԱԳՆ ներկայացուցիչների կողմից, որպեսզի չստեղծվի լարվածություն դեսպանի եւ դեսպանընկալ պետության իշխանությունների միջեւ: Այս անգամ այս դիվանագիտական նրբությունն էլ անտեսվեց»,- եզրափակեց ՀԱԿ ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, անդրադառնալով «Հայրենակիցներ» ծրագրի պատճառով արձանագրված արտագաղթին ու վարչապետի մտահոգությանը, մասնավորապես ասել էր. «Ոչ ոք բռնի ուժով Ռուսաստան չի տանում, երկրից մեկնելու խնդրի պատասխանը պետք է այլ տեղում փնտրել»: ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն էլ քաղաքական գնահատականներ էր հնչեցրել նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի գործի վերաբերյալ:

Նախորդ հոդվածը‘Արցախում կանցկացվի Պոեզիայի միջազգային փառատոն ‘
Հաջորդ հոդվածը‘Կահիրեում բախումների արդյունքում տուժել է առնվազն 120 մարդ ‘