‘Վլադիմիր Կարապետյան. Ռեժիմի հերթական դավադրությունը ‘

3135

Հոդվածում նպատակ չենք հետապնդել տնտեսագիտական վերլուծության ենթարկել դրամի կտրուկ արժեզրկման պատճառները: Սույնով ուսումնասիրվել է քաղաքական և ֆինանսական պատասխանատուների պաշտոնական հայտարարությունների և գործողությունների կապը Հայաստանի ֆինասական համակարգը ցնցած՝ ազգային արժույթի անսպասելի գահավիժման հետ:

Դեկտեմբերի 16-17-ին Հայաստանում տեղի ունեցավ դրամի արժեզրկման կուլմինացիան՝ հասնելով աստղբաշխական ցուցանիշի` մեկ դոլարի համար 660 և ավելի դրամի: Դրամի տեսանելի, սակայն սահուն արժեզրկումը սկսվել էր դրանից դեռևս մեկ ամիս առաջ: Մինչև դեկտեմբերի 15-ը ազգային արժույթի անկումը համեմատելի էր Վրաստանում լարիի արժեզրկման չափի հետ՝ երկու երկրներում ազգային տարադրամը արժեզրկվել էր ոչ ավելի, քան 10-12 տոկոս: Դա բավականին մեծ ցուցանիշ է, որը չէր կարող չազդել գների վրա: Ազգային տարադրամի՝ նման լուրջ արժերկումը չէր կանխատեսվել պետական կառույցների կողմից, որոնք նույնիսկ 2015 թ. բյուջեն հաշվարկել էին 1դոլարը՝  411 դրամով, հետևաբար, կարելի է պնդել, որ ՀՀ կառավարությունը չի ցուցաբերել անհրաժեշտ կարողություն՝ նման լրջագույն զարգացման դեմն առնելու համար: Հակառակ դրան՝ Վրաստանի ֆինանսական իշխանությունների գործուն միջամտության շնորհիվ հնարավոր եղավ գրեթե վերականգնել լարիի ցուցանիշը՝ 1 դոլարի գինը կրկին դարձավ 1,80 — 1,82 լարի:

Ինչո՞վ էին բացատրում իշխանություններն ու նրանց սպասարկող լրատվամիջոցները դրամի աստիճանական արժեզրկումը:

— Դեռևս նոյեմբերի 24-ին, երբ ակնհայտ էր դարձել տարադրամի անկայությունը, Կենտրոնական բանկը հանդես եկավ տարօրինակ մի հայտարարությամբ և ավելի արժեզրկեց դրամը:

— Վարչապետ Հ. Աբրահամյանն էլ դեկտեմբերի 3-ին խոստացավ, որ «երկու-երեք» օրվա ընթացքում արտարժույթը կկայունանա (!):  

— Սերժ Սարգսյանն էլ դեկտեմբերի 5-ին Արդյունաբերողների և գործարարների միության հավաքին իր ելույթով ուղղորդեց իշխանական լրատվամիջոցներին՝ դրամի անկայուն վարքագիծը պայմանավորել տարածաշրջանային զարգացումների և գլոբալ տնտեսությունում առկա անորոշությունների հետ: Ոչ պաշտոնապես էլ տարածվում էր ՌԴ տնտեսվարող սուբյեկտների կողմից, իբր, Հայաստանից մեծաքանակ արտարժույթի ձեռքբերման վարկածը:

Վերադառնալով Վրաստանի, ինչպես նաև Ղազախստանի օրինակներին՝ կարելի է համոզվել, որ թեև արտաքին գործոնները կարևոր նշանակություն ունեն մեր դրամավարկային քաղաքականության վրա, միևնույն ժամանակ՝ դրանք որոշիչ չեն: Ինչպես Ղազախստանում, այնպես էլ Վրաստանում ակտիվորեն գործում են մի քանի տասնյակ խոշոր ռուսական ընկերություններ, այդ երկրների տնտեսությունները Հայաստանից տնտեսական ոչ պակաս խորը և զարգացած հարաբերություններ ունեն ՌԴ հետ, սակայն նրանց մոտ տեղի չունեցավ տեղական տարադրամի այնպիսի գահավիժում, ինչպես Հայաստանում:

Մեծագույն աֆերա

Այն, ինչ կատարվեց դեկտեմբերի 16-17-ին, այլ կերպ, քան դավադրություն Հայաստանի բնակչության դեմ՝ չի կարելի անվանել:

Երկու օրվա ընթացքում, կազմակերպված գործողությունների շնորհիվ, դրամը արժեզրկվեց լրացուցիչ 20-25 տոկոսով՝ աներևակայելի խուճապ առաջացնելով բնակչության, ինչպես նաև տնտեսվարողների շրջանում:

Ահա այսպիսին է եղել ՀՀ իշխանությունների գործողությունների հանրագումարը, որն ապացուցում է դրանց կապը դեկտեմբերի 16-17-ին դրամի գահավիժման հետ.

— Նոյեմբերի 24-ի ԿԲ վերոհիշյալ հայտարարությունում, մասնավորապես, ասվում էր նաև հետևյալը. «ՀՀ կենտրոնական բանկի պահուստները լիովին բավարար են կանխելու փոխարժեքի բոլոր տեսակի արհեստական տատանումները և ապահովելու ֆինանսական կայունությունը»: Այնուամենայնիվ, ԿԲ դիտավորյալ դեկտեմբերի 16-ին և 17-ին չիրականացրեց անհրաժեշտ արտարժութային ինտերվենցիաներ՝ բավարարելու տարադրամի պահանջարկն ու զսպելու աժիոտաժային պահանջարկը;

— Դեկտեմբերի 16-ին և 17-ին գրեթե անհնարին էր փոխանակման կետերում և բանկերում ձեռք բերել տարադրամ: Դա՝ այն պայմաններում, երբ հայաստանյան բոլոր բանկերը գտնվում են ԿԲ մշտական և էֆեկտիվ վերահսկողության ներքո, ունեին անհրաժեշտ քանակի տարադրամ (ինչը հաստատել էր նաև վարչապետը) և պարտավոր են իրականացնել տարադրամի վաճառք: Ակնհայտ է, որ տարադրամը չի վաճառվել՝ ԿԲ-ի հետ համաձայնեցված:

— Դեկտեմբերի 17-ին ԱԺ տեղի ունեցած լսումների ընթացքում ֆինանսների նախարարը պնդել էր, որ «իշխանությունները լիովին վերահսկում են իրավիճակը, և իրենք կարող են այս պահին խնդիրը լուծել» (հենց այդ պահին բնակչությունը, «իշխանության լիակատար վերահսկողության ներքո», խուճապահար ձեռք էր բերում ԱՄՆ դոլար՝ 650-670 դրամով և սպառում էր ձեռքերին մնացած բոլոր դրամները Սիթի ու ՍԱՍ սուպերմարկետներում): Միևնույն ժամանակ, ԱԺ նիստին մասնակցած մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներից որևէ մեկը չի ներկայացրել տեղի ունեցածի պատճառները և չի ստանձնել պատասխանատվություն Հայաստանի պատմության մեջ այսպիսի աննախադեպ ֆինանսական ցնցման համար:

— Դեկտեմբերի 17-ին ԿԲ ղեկավար Ա. Ջավադյանը հայտարարեց, որ խուճապային իրավիճակի ավարտից հետո դրամը կվերականգնվի: Նրա հայտարարությանը հետևեց դրամի կտրուկ արժեզրկումը՝ մինչև օրվա վերջ, քանի որ բանկերը հրաժարվում էին վաճառել տարադրամը ԿԲ-ի կողմից այդ օրը հրապարակած գնով:

— Հաջորդ օրը Կառավարության նիստում վարչապետը հայտարարեց, որ միջազգային ֆինասական հաստատությունների հետ համատեղ կայունացրել են ֆինանսական շուկան:

— Դեկտեմբերի 18-ին տարադրամի փոխանակման բոլոր կետերը նախորդ օրվա 580-660-ից միաժամանակ նվազեցրեցին դոլարի ձեռք բերման գինը՝ հասցնելով այն 450 դրամի: Դա արվեց շատ կտրուկ, կազմակերպված՝ բոլոր բանկերի և տարադրամի փոխանակման կետերի կողմից միաժամանակ: Ազգային արժույթի նման «կայունացումը» անհնար էր առանց կոշտ վարչական միջամտության:

— Նույն օրը երեկոյան տեղի ունեցած ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո ԱԺ փոխնախագահ Է. Շարմազանովն էլ անկեղծացավ՝ ասելով հետևյալը. «Եթե ձեզ թվում է, թե գնաճը իջավ, սպեկուլյատիվ երևույթները վերացան, և դա օդից եղավ, կամ ընդդիմադիր գործընկերներն արեցին, չարաչար սխալվում եք, դա չէր լինի, եթե Նախագահի հետևողական գործունեությունը չլիներ»:   Այս հայտարարությունը նշանակում է նաև հետևյալը. եթե Սերժ Սարգսյանը մի քննարկումով կարող է վերացնել ֆինանսական ցնցումը Հայաստանում, ապա նույն կերպ նա կարող էր ապահովել դրամի սրընթաց գահավիժումն ու արհեստական աժիոտաժը՝ արգելելով ԿԲ-ին իրականացնել անհրաժեշտ տարադրամային ներարկումներ:

— Դեկտեմբերի 18-ին Կենտրոնական բանկը հերթական անգամ 4 միլիոն ԱՄՆ դոլարի վաճառքի աճուրդ էր հայտարարել: Մինչդեռ, առևտրային բանկերի կողմից դոլարի նկատմամբ պահանջարկ չէր ներկայացվել։ Հիշեցնենք, որ նախորդ օրվա համեմատ՝ բանկերը կարող էին շատ ավելի ցածր գնով ձեռք բերել արտարժույթ:

Վերլուծելով վերոնշյալը և, հատկապես՝ Է. Շարմազանովի պնդումները, որ «Ս. Սարգսյանն է դեկտեմբերի 18-ին վերացրել սպեկուլյանտներին և գնաճը», կարելի է պնդել, որ հենց Սերժ Սարգսյանն էլ նախորդ օրը կազմակերպել էր փոխարժեքի կտրուկ տատանումն ու դրան հետևած՝ տարադրամի և սպառողական արտադրանքի աժիոտաժային պահանջարկը: Ֆինանսական շուկաների ցնցումը հնարավոր էր կարգավորել պահուստերի հաշվին և, համաձայն ԿԲ նոյեմբերի 24-ի հայտարարության (նաև մեր ունեցած տեղեկություններով)՝ դրա համար կային անհրաժեշտ միջոցներ: Ավելին, դրամի գահավիժման համար չկային բավարար նախադրյալներ, ինչի վկայությունն է նման իրավիճակի բացակայությունը ՌԴ-ի հետ նույնչափ կապված Վրաստանում և Ղազախստանում, ինչպես նաև ԿԲ նախագահի դեկտեմբերի 17-ի ասուլիսի պնդումները:

Ստեղծելով խուճապային տրամադրություններ՝ Ս. Սարգսյանն ու իր թիմը ապահովել են.

— արհեստական բարձր գնով դրամային զանգվածի կուտակում՝ տարադրամի փոխանակման կետերի և մասնավոր անձանց միջոցով;

— աննախադեպ դրամային մուտքեր պարենային սուպերմարկետների/ խանութների, ինչպես նաև էլեկտրոնիկայի և կենցաղային տեխնիկայի խանութների միջոցով;

— դեկտեմբերի 16-17-ին կուտակված՝ սովորական առևտրի չափերը մի քանի անգամ գերազանցող դրամային զանգվածը հաջորդ օրը վերածվել է տարադրամի՝ շուրջ 15 տոկոս ավելի ցածր արժեքով՝ ապահովելով գերշահույթներ հրեշավոր այս գործողության մեջ ներգրավված հաշված թվով մարդկանց համար՝ խուճապի և անորոշության մեջ հայտնված բնակչության հաշվին:

 Դեկտեմբերի 16-17-ի դրամի «վերահսկելի» գահավիժման հետևանքները

— Մեծապես տուժել է Հայաստանի ֆինանսական շուկայի հեղինակությունը: Հայաստանում ցանկացած պոտենցիալ ներդրող մանրամասն ուսումնասիրելու է դեկտեմբերի 16-17-ի ճգնաժամի պատճառները: Զուգադրելով դրանք պաշտոնյաների հայտարարությունների հետ, համոզվելով, որ որևէ պատճառ չկար դրամի նման անկման համար (ինչի պարզ վկայությունն է նաև՝ հաջորդ օրվանից ֆինանսական շուկայում հաստատված «խաղաղությունը»)՝ նա հետևություններ է անելու ճգնաժամի պատճառների վերաբերյալ և տասնապատիկ ավելի խորը մտածելու ներդրում անելու նպատակահարմարության մասին:

— Հայաստանի բնակչության է՛լ ավելի աղքատացումը: Մարդիկ այդ օրերին ծախսեցին մի քանի անգամ ավելի շատ, քան ծրագրում էին: Իշխանությունների կողմից «վերահսկվող» խուճապը հարկադրեց բնակչությանը, ինչպես նաև շատ գործարարների՝ անել չնախատեսված ծախսեր: Առանձնահատուկ տուժեցին ՌԴ-ից տրասֆերտներ ստացող տասնյակ հազարավոր հայաստանցիները, որոնք այդ օրերին հայտնվել էին երկու քարի արանքում:

— Գնաճը: Գները այլևս չեն վերադառնալու նախաճգնաժամային ցուցանիշներին՝ որքան էլ այդ մասին հայտարարեն պաշտոնյաները: Այսինքն՝ հատկապես անապահով խավին հասցրած վնասը կրկնակի է:

Նախորդ հոդվածը‘Դրամի փոխարժեքը բանկերում, փոխանակման կետերում, ԿԲ-ում’
Հաջորդ հոդվածը‘Կաթոլիկ քրիստոնյաները Բեթղեհեմում նշում են Ծննդյան տոները’