‘Վլադիմիր Կարապետյան. Սերժ Սարգսյանի քաղաքականության իրական արդյունքները ‘

1103

Երեկ հյուրընկալվելով «Ազատություն» ռադիոկայանում` ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը մի քանի տարօրինակ հայտարարություն է արել: Մասնավորապես, անդրադառնալով այն հարցին, որ ԱՄՆ նախագահի թեկնածուներն առաջին անգամ չեն հանդիպել հայկական համայնքի հետ, նշել է, թե դա «տվյալ թեկնածուների խնդիրն է»: Այսինքն՝ դա մեր համայնքի` միլիոնավոր ամերիկահայերի խնդիրը չէ, այլ` նախագահի թեկնածուների: Այնինչ ակնհայտ է, որ հենց Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքում, հայ-թուրքական արձանագրությունների ստորգրումով տեղի ունեցավ ամերիկահայ կազմակերպությունների թուլացումը, եւ այսօր նրանց դերակատարումն ավելի նվազ է, քան տասնյակ տարիներ շարունակ: Սա առաջին անգամ է, որ նախագահների թեկնածուները չհանդիպեցին մեր համայնքի ներկայացուցիչների հետ` ստեղծելով նախադեպ: Եւ ի հավելումն դրա՝ նաեւ միլիոնավոր ամերիկահայեր կտեղեկանան, որ Հայաստանի խորհրդարանի բարձրաստիճան պաշտոնյան այս տխուր փաստը համարում է «թեկնածուների խնդիրը»:

Նույն հարցազրույցի ընթացքում Շարմազանովն անցավ բացահայտ սուտ հայտարարությունների. նա, մասնավորապես, ասաց, որ «հայ-թուրքական արձանագրությունների դրական ջատագովներից մեկը Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներն են»: Սա էժան մանիպուլյացիա է՝ հաշվի առնելով այն մի քանի տասնյակ ելույթներն ու հոդվածները, որոնցով Կոնգրեսի լիդերը եւ ներկայացուցիչները կանխատեսում էին այն բացասական զարգացումները, որոնք տեղի ունեցան Արձանագրությունները ստորագրելուց հետո: Ավելին, Կոնգրեսը մշտապես խստորեն քննադատել է թուրքական հիմնական պայմանը` պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը Արձանագրություններում ներառելու՝ Ս. Սարգսյանի նախաձեռնությունը: Եւ այսքանից հետո զարմանալի է, թե ինչպե՞ս է նման բացահայտ կեղծ հայտարարություններով հանդես գալիս ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան: Այնուհետեւ Է. Շարմազանովը կրկնեց ՀՀ ԱԳ նախարարի այն զավեշտալի պնդումը, որի համաձայն` հայ-թուրքական հարցում միջազգային հանրության դիրքորոշումները համընկել են Հայաստանի դիրքորշման հետ: Այդ տերությունների, միջնորդների համար բացարձակ միեւնույն է, թե ինչ սկզբունքային դիրքորոշում ունի այս կամ այն երկիրը որեւէ հակամարտության եւ միջազգային վեճի հարցում: Նրանք պատրաստ են ողջունել ցանկացած զիջում այդ սկզբունքային դիրքորոշումից, քանի որ այդ զիջումը, նախկին դիրքորոշումից հրաժարումը հնարավորություն է տալիս որոշ նոր զարգացումների համար: Օրինակ` Ս. Սարգսյանը համաձայնել է պատմաբանների հանձնաժողովին՝ դրանով կտրուկ շրջադարձ անելով նախկին դիրքորոշումներից: Պարզ է, որ միջազգային հանրությունը պետք է դրական արձագանքի, որպեսզի օգնի Ս. Սարգսյանին հաղթահարելու ներքին քննադատությունըեւ քաջալերելու «նոր առաջընթաց» հայ-թուրքական զարգացումներում: Եթե Ս. Սարգսյանը հայտարարի, որ հրաժարվում է Ցեղասպանության միջազգային ճանաչումից, միջազգային հանրությունը ավելի մեծ ոգեւորությամբ կողջունի այդ «նախաձեռնությունը», որովհետեւ դա կրկին «նոր զարգացումների» դուռ է բացում:

Սակայն նույնիսկ այդ աջակցությունն ունենալով` մենք հայ-թուրքական հարաբերություններում կարող ենք արձանագրել աննախադեպ հետընթաց.

— որեւէ մակարդակում երկկողմ հարաբերությունների բացակայություն

— հռետորական փոխհրաձգություններ ամենաբարձր մակարդակում

— Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի դադարեցում

— հայ-թուրքական հարաբերությունների հետագա կարգավորման հարցում կատարյալ փակուղի

— ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում` կատարյալ փակուղի (ավելի քան 10 ամիս տեղի չեն ունեցել հանդիպումներ Սարգսյան- Ալիեւ մակարդակում):

-Հայաստանի մեկուսացման խորացում (ընթացիկ տարում Հայաստան է այցելել ընդամենը մեկ երկրի նախագահ):

Սրանք են Ս. Սարգսյանի քաղաքականության իրական արդյունքները, այլ ոչ թե երկու տարի առաջ արված ինչ-ինչ հայտարարությունները, որոնք նույնիսկ այն ժամանակ որեւէ առարկայական օգուտ չեն բերել Հայաստանին:

 

Վլադիմիր Կարապետյան

 

Նախորդ հոդվածը‘Հայրը դանակահարել է որդուն ‘
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանը ICAO-ում կրկին սպառնացել է ԼՂՀ օդանավակայանի շահագործման կապակցությամբ ‘