‘Վլ.Կարապետյան. Առաջին անգամ փոխզիջումը փոխարինվեց զիջումով’

2112

iLur.am-ի զրուցակիցն է Հայ ազգային կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը

Պարոն Կարապետյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Հայաստանում ԱՄՆ դեսպանի վերջին հայտարարությունները, մասնավորապես՝ ԼՂ հիմնախնդրի, կուտակային կենսաթոշակների վերաբերյալ:

-Հայաստանում հավատարմագրված դեսպանները հաճախ են խոսում մեր երկրում տեղի ունեցող կարևոր իրադարձությունների մասին, և ԱՄՆ-ի դեսպանն այդ առումով ամենաակտիվ դեսպաններից է: Նա բազմիցս արտահայտվել է մեր ներքաղաքական հարցերի վերաբերյալ: Կարող եմ մեկ հետաքրքիր դրվագ հիշեցնել. մի քանի ամիս առաջ նա ելույթ էր ունեցել կենսաթոշակային կուտակային օրենքի ընդունման օգտին՝ այն պայմաններում,երբ հենց Սերժ Սարգսյանի վկայությամբ՝ բնակչության 80%-ը դեմ էր արտահայտվում պարտադիր պայմանին: Օրերս ԱՄՆ-ի դեսպանությունը, Հայաստանում հավատարմագրված այլ դիվանագիտական ներկայացուցչությունների հետ միասին, պարգևատրեց հասարակական այն կազմակերպությունների ներկայացուցիչներին, ովքեր ամենաակտիվ կերպով էին բողոքում հենց ԱՄՆ դեսպանի գովերգած օրինագծի դեմ: Այս փաստը ԱՄՆ դեսպանության՝ մեր երկրում վարվող գերճկուն քաղաքականության ամենավառ վկայությունն է:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող հայտարարությանը, ես կարծում եմ, որ միջնորդ երկրի ներկայացուցիչը պարտավոր է չեզոք դիրքերից հանդես գալ: Այս առումով՝ ափսոսում եմ, որ սեղանի վրա դրված սկզբունքների փաթեթից առանձնացվել է մեկ՝ մեզ համար ամենազգայուն տարրը, և որևէ խոսք չի ասվել ինքնորոշման իրավունքի իրագործման մեխանիզմի` հանրաքվեի մասին: Այս մասին, առաջին հերթին, ՀՀ արտաքին գերատեսչությունը պետք է արտահայտվի, և պարզապես անհասկանալի է, որ ՀՀ ԱԳՆ-ն խոսում է ոչ թե փոխզիջումների, այլ «հնարավոր զիջումների» մասին: Եթե չեմ սխալվում, քսան տարի ընթացող բանակցային գործընթացում առաջին անգամ պաշտոնական Երևանը կատարեց նահանջ` «փոխզիջում» բառը փոխարինելով «զիջում» բառով: Նման անսկզբունքային կեցվածքի պատճառով են ի հայտ գալիս միակողմանի հայտարարությունները:

Ինչպե՞ս կմեկնաբանեք Հովիկ Աբրահամյանի այն հայտարարությունը, թե հուլիսի 3-ին պետք է կայանար ՍարգսյանՊուտին հանդիպումը, սակայն, թեեւ հանդիպման մասին եղել է պայմանավորվածություն, այն չի կայացել:

— Հովիկ Աբրահամյանի այս հայտարարությունը բացահայտել է Ռուսաստանի վերաբերմունքը Սերժ Սարգսյանի նկատմամբ: Հերթական անգամ ՌԴ իշխանությունները անտեսեցին Ս. Սարգսյանի խնդրանքը` կազմակերպել հանդիպում Պուտինի հետ, և դա հայտնի դարձավ «Քաղաքականությամբ զբաղվելու համար շատ խելք պետք չէ» արտահայտության հեղինակի միջոցով: Հիշեցնեմ, որ Եվրասական տնտեսական միության հիմնադիրները արհամարհել են Սերժ Սարգսյանի  երկու խնդրանքները. մինչ հունիսի 15-ը բավարարել մեր պահանջների կատարումը և ընդունել Հայաստանը ԵՏՄ, և երկրորդը՝ դա անել մինչ այս ամսվա վերջ: Այսինքն, կարծես Հայաստանը ամեն ինչ արել է, Սերժ Սարգսյանը բազմիցս նշել է, որ Հայաստանը օր առաջ պետք է դառնա ԵՏՄ հիմնադիր անդամ, սակայն դա տեղի չունեցավ: Սա բացահայտ վերաբերմունք է Ռուսաստանի կողմից Սերժ Սարգսյանին, որից տուժում է նաև Հայաստանը, և այն, որ դրա մասին խոսում է վարչապետը, խոսուն օրինակ է այս իշխանության որակի մասին :  

Այս օրերին Սերժ Սարգսյանը մեկնել է Լատինական Ամերիկայի մի շարք երկրներ: Ո՞րն է այս իրավիճակում այդ երկրներ այցելությունների քաղաքական անհրաժեշտությունը:

-Շատ կարևոր է մեր հարաբերությունների զարգացումը Լատինական Ամերիկայի երկրների հետ: Արգենտինայի, Ուրուգվայի դրական վերաբերմունքը հայ ժողովրդի և Հայաստանի հանդեպ հայտնի է, և Հայաստանը մշտապես օգտվել է դրանից: Այդ առումով կապերի խորացումը անհրաժեշտություն է, և իսկապես, մենք պետք է անենք ամեն հնարավորը, որպեսզի ավելի խորը հարաբերություններ ունենաք այդ մայրցամաքի երկրների հետ: Այլ հարց է, որ այս իրավիճակում, երբ Սերժ Սարգսյանի բոլոր արտաքին քաղաքական նախաձեռնությունները ձախողվել են, ներքաղաքական, սոցիալ-տնտեսական լարված իրավիճակ է, համատարած թանկացումներ են, բողոքի ակցիաներ են՝ մեկը մյուսին հաջորդող,  այս ֆոնին նման այցելություն իրականացնելը շատ համահունչ է Սերժ Սարգսյանի վարկին: Ես այնպիսի տպավորություն ունեմ, որ Լատինական Ամերիկա գնալու հիմնական պատճառը ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչի հանդիսատես դառնալն է: Այլ արդյունք, ցավոք, այցից չեմ սպասում:

 

Նախորդ հոդվածը‘EA Sports-ը անցկացրել է կիսաեզրափակչի կեղծ համակարգչային խաղ ‘
Հաջորդ հոդվածը‘Իսրայելը օդային հոծ հարվածներ է հասցնում Գազային’