‘
«Մի կարևոր հանգամանք կա, որ շատ հաճախ անտեսվում է համաժողովրդական Շարժման քննադատների կողմից: Ի՞նչ է ասում Շարժումը եռյակը և ի՞նչ է նա անելու: Հարթակում կանգնած բոլոր չորս ուժերը հստակ խոսեցին իշխանափոխության, արտահերթ ընտրությունների մասին: Սա նշանակում է, որ համարելով այս իշխանությունը սպառված, Շարժումը մտադիր է պարտադրել հրաժարական և արտահերթ ընտրություններ, այսինքն հնարավորություն բոլորի համար՝ մասնակցել նոր իշխանության ձևավորման գործընթացին»,- iLur.am-ի հետ զրույցում մեկնաբանելով հոկտեմբերի 24-ին Ազատության հրապարակում կայացած ընդդիմության հանրահավաքը՝ ասաց Կոնգրեսի վարչության անդամ Վլադիմիր Կարապետյանը: Նրա խոսքով, «ընդ որում, նոր ընտրությունները լինելու են հավասար պայմաններում, փոփոխված Ընտրական օրենսգրքով, հնարավորություն ընձեռելով յուրաքանչյուր քաղաքական միավորին ազատ մրցակցային պայմաններում հայցել ժողովրդի քվեն»:
«Նույնիսկ նրանք, ով չի կիսում Շարժման դավանած գաղափարներն ու ծրագրերը, համարում է, որ իշխանափոխություն նախաձեռնած ուժերի մոտեցումները ճիշտ չեն, չեն կարող չհասկանալ, որ Շարժման անխուսափելի հաջողությունը ճանապարհ է բացելու՝ արտահերթ և արդար պայմաններով ընտրական գործընթացում բոլորին մասնակցելու համար: Այստեղ է, որ պակասում է քննադատողների ռացիոնալ մոտեցումը»,- նշեց Կարապետյանը:
Նրա խոսքով, փոփոխություններ ցանկացող յուրաքանչյուր քաղաքական կամ քաղաքացիական միավոր, անհատ՝ պարզապես պետք է ցանկանա և համապատասխանաբար՝ աջակցի քաղաքական մենաշնորհի կազմալուծմանը, այն էլ արտահերթ ռեժիմով: Ըստ Վլադիմիր Կարապետյանի, միայն Շարժման հաջողությունը կտա այդ հնարավորությունը, եւ այս առումով պարզապես անհասկանալի է, թե ինչպե՞ս կարելի է քննադատել մի ուժի, որը հանդես է գալիս որպես քաղաքական ազատականացման ապահովման գործիք՝ հավասար հնարավորություններով օժտելով բոլորին:
«Այսօր հարթակում կանգնած քաղաքական ուժերը արդեն ցույց են տվել, որ ուշադիր են քաղաքացիական ամենատարբեր խմբերի ցանկությունների, ծրագրերի նկատմամբ՝ «Դեմ եմ»-ից սկսած՝ վերջացրած մանր ու միջին առևտրով զբաղվող քաղաքացիներով: Ստանալով հասարակության լայն աջակցությունը, որը արտահայտվեց հուժկու հանրահավաքներով, Շարժումը ավելացնելու է իր ներգրավածությունը հասարակական տարբեր խդիրների լուծման համար: Փաստորեն, Շարժումը ավելի փոքր խմբերի, միավորումների համար հանդես է գալիս որպես շոգեքարշ՝ քաղաքական դաշտը ազատականացնելու և նոր հնարավորություն տալու համար: Այս հանգամանքը անհնարին է անտեսել: Այս առումով ուղղակի զարմանք են առաջացնում Ազատության հրապարակում սկիզբ առած պայքարում դեռևս չներգրավված քաղաքական ուժերի վերապահումները Շարժման հռչակած ծրագրերի նկատմամբ: Վերջինիս անհաջողությունը միայն ավելի կխորացնի երկրի լճացումն ու նահանջը, կբարդացնի անհրաժեշտ փոփոխություններին ձգտող հասարակության ակտիվ հատվածի գործողությունները: Այս առումով, թերևս, Շարժումը պետք է նախաձեռնի խորհրդակցությունների նոր փուլ քաղաքական և քաղաքացիական այն խմբերի հետ, որոնք հանդես են գալիս արմատական փոփոխությունների օգտին»,- նշեց Կարապետյանը:
‘