‘Վկաներին բռնի ուժով ստիպել են ցուցմունք տալ’

856

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է ժամկետային զինծառայող Սարգիս Սահակյանի գործով դատաքննությունը: Նրա անկենդան մարմինը հայտնաբերվել էր անցած տարվա նոյեմբերի 5-ին` Սյունիքի մարզի մարտական հենակետերից մեկի գետնատնակի մոտ՝ բերանի հատվածում մահացու հրազենային վնասվածքով: Պաշտոնական վարկածով՝ մահվան այս դեպքը որակվել է որպես ինքնասպանություն, տեղեկացնում է Jfhr.am կայքը:

Ըստ նախաքննական մարմնի՝ ինքնասպանության հասցնելու շարժառիթը հանգուցյալ Սարգիս Սահակյանի կողմից ուտելիքը միայնակ ուտելու, իր ծառայակիցների հետ չկիսելու  հանգամանքն է, որի համար ծառայակիցները նրան վիրավորանքներ ու հայհոյանքներ են հասցրել, և ստորացումներին չդիմանալով՝ վերջինս է ինքնասպան է եղել: 

Դատական նիստի ժամանակ բեկում է տեղի ունեցել, երբ դեպքի վկաներից երկուսը հրաժարվել են իրենց նախաքննական ցուցմունքերից` պնդելով, որ իրենցից ցուցմունքները կորզել են անազատության մեջ պահելով և ֆիզիկական ու հոգեբանական ճնշումներ գործադրելով:

«Կապանում 10-15 օր ինձ պահել են ռազմական ոստիկանությունում։ Գիշերվա ուշ ժամերին դուրս էին հանում խցից, տանում հարցաքննելու։ Հարցաքննում էին ժամերով՝ առանց հանգստանալու։ Իմ իրավունքները չեն բացատրել, անգամ չգիտեի՝ ինչ կարգավիճակով եմ պահվել փակի տակ։ Ասում էին, որ եթե իրանց ուզած ցուցմունքը չտամ, ինձ 2-4 տարի դատ ա սպառնում կեղծ ցուցմունք տալու համար»,-դատարանում հայտարարել է վկան, ում խոսքերին սուր է արձագանքել դատախազը՝ պնդելով, որ ցուցմունքը սուտ է:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 11-ին, ժամը 12:30-ին, որի ժամանակ ցուցմունքներ կտան ամբաստանյալները:

Նախորդ հոդվածը‘ОРТ-ն Մաշտոցի պողոտայի բախումների մասին. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Ֆեյսբուքը՝ Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած դեպքերի մասին’