‘
«Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնությունը հանդես է եկել Հանրային խորհրդին ուղղված առաջարկով: Նախաձեռնության անդամները տեղեկացրել են, որ հուլիսի 30-ին hանրային խորհրդի ներկայացուցիչը կապվել է մի քանի ակտիվիստների հետ և տեղյակ պահել հանրային խորհրդում այսօր, ժամը 14:00-ին, տրանսպորտային խնդիրների վերաբերյալ կայանալիք քննարկման մասին` վեց հոգու հրավիրելով մասնակցելու այդ քննարկմանը:
Ողջունելով հանդերձ Հանրային խորհրդի նախաձեռնողականությունը՝ նախաձեռնության անդամները նշում են, որ տրանսպորտի թանկացման դեմ նախաձեռնությունը ձևավորվել և ծավալվել է ապակենտրոն և հորիզոնական սկզբունքով, ուստի այժմ դժվար է ողջ նախաձեռնությունը ներկայացնող ներկայացուցչական խումբ ձևավորելը։
«Տրանսպորտային խնդիրների դեմ պայքարի մասնակիցները ամեն օր, ժամը 20:00-ին, հավաքվում են Մաշտոցի պուրակում և հանրային ժողովի ձևաչափով քննարկում հետագա անելիքներն ու խնդիրները: Հորդորում ենք Հանրային խորհրդին՝ քննարկումը տեղափոխել Մաշտոցի պուրակ, որպեսզի յուրաքանչյուր ցանկացող հնարավորություն ունենա մասնակցել դրան»,- «Ֆեյսբուքում» տեղադրված հայտարարությամբ առաջարկել են «Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության անդամները:
Հուլիսի 25-ին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանրային ճնշման տակ կասեցրեց ավելի վաղ ընդունված՝ տրանսպորտի սակագների բարձրացման մասին որոշումը: Քաղաքապետը հայտարարեց, որ սակագնի վերջնական որոշման համար հանրային քննարկումներ տեղի կունենան: Քաղաքացիական ակտիվիստները դրանից հետո մի շարք այլ պահանջներ են ներկայացրել, մասնավորապես՝ վերջնականապես վերանայել սակագների թանկացման մասին որոշումը, պատասխանատվության ենթարկել ապօրինի որոշում կայացնողներին, փոխհատուցել 150 դրամով երթեւեկած քաղաքացիների վնասները, պաշտոնանկ անել քաղաքապետարանի տրանսպորտի ոլորտի պատասխանատու մի շարք պաշտոնյաների եւ այլն:
‘