‘Վճռաբեկ դատարանի ղեկավարի եղբայրը կրկին պատմել է եղբոր կաշառակեր լինելու մասին’

1463

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի եղբայրը` Ռուբեն Մկրտումյանը, նամակ է հղել Սերժ Սարգսյանին` կոչ անելով պաշտոնանկ անել եղբորը, ում մեղադրում է կոռուպցիայի մեջ: Այդ մասին Ռ.Մկրտումյանը հաղորդել է նոյեմբերի 6-ի մամուլի ասուլիսում, հաղորդում է ԱրմԻնֆոն:

Ռուբեն Մկրտումյանի խոսքով, նման կոչը պայմանավորված է եղբոր անպարկեշտ վարքագծով, ում կարողությունը կտրուկ աճել է 1998 թվականից ի վեր, երբ նրան նշանակեցին Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ, և նա սկսեց կաշառքներ վերցնել և գործել օրենքից դուրս: Ըստ Ռ.Մկտումյանի՝ իրենց հայրը` Յուրին, ամաչելով ավագ որդու վարքագծից, փորձել է դատական կարգով Արմանին ստիպել փոխել ազգանունը, ինչպես նաև պահանջել է ալիմենտ վճարել, որոնք Արման Մկրտումյանն սկսել է վճարել դատարանի համապատասխան որոշումից հետո միայն:

Ընդ որում կրտսեր Մկրտումյանը նշել է, թե իր գործողությունները դրդված չեն եղբոր հանդեպ նախանձից կամ չարությունից, ինքը սոսկ փորձում է մաքրել իր ազգանունը «կաշառակեր» պիտակից: Նա նաև հավելել է, որ նամակներ է հղելու նաև մի շարք միջազգային կառույցների ղեկավարների, որոնք Վճռաբեկ դատարանի նախագահի վարքագիծը կուսումնասիրեն իրավական և բարոյական տեսանկյուններից: Ռուբեն Մկրտումյանի հավաստմամբ, եղբայրն իր «պրոոֆեսիոնալիզմի» շնորհիվ բնակարաններ է ձեռք բերել Երևանի Թումանյանի անվան փողոցում, Պուշկին-Սարյան խաչմերուկում, Ձորաղբյուր գյուղում:

Նշենք, որ առաջին անգամ չէ, որ կրտսեր Մկրտումյանը բարձրացնում է եղբոր կուռումպասված լինելու հարցը: ԶԼՄ-ներում հրապարակումներ են եղել այն մասին, որ Ռուբենի նման հայտարարությունների համար առիթ է ծառայել մի դատական գործ, որը նրա կինը տանուլ է տվել: Ավագ Մկրտումյանը հրաժարվել է միջամտել և օգնել եղբոր կնոջը, ինչը հարուցել է Ռուբենի զայրույթը: 

Նախորդ հոդվածը‘Էդվին Վան դեր Սար. «Ֆերգյուսոնի հետ անցկացրած 6 տարիների ընթացքում ես ԱՊԼ-ի 4 և Չեմպիոնների լիգայի 1 մեդալ եմ նվաճել: Լավ է, այնպես չէ՞»’
Հաջորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Իրենք ինչ են, որ իրենց բյուջեն ինչ լինի’