‘Վոլգոգրադում ավտովթարից հայ ընտանիք է զոհվել՝ հայրը, մայրը և 2 երեխաները’

902

Հայտնի է դարձել Ռուսաստանի Մոսկվա Վոլգոգրադ ավտոմայրուղում սարսափելի ավտովթարի հետևանքով զոհված հայ ընտանիքի անդամների ինքնությունը:

Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին, ժամը 21.19-ին տեղեկատվություն է ստացվել, որ հուլիսի 17-ին ժամը 03.47-ին Մոսկվա-Վոլգոգրադ դաշնային ավտոճանապարհի 726-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտովթար:

Դեռևս չպարզված հանգամանքներում «Օպել-Օմեգա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց գոտի և բախվել «Ֆոտոն» մակնիշի բեռնատար ավտոմեքենային, ինչի հետևանքով տեղի է ունեցել հրդեհի բռնկում: «Օպել-Օմեգա» մակնիշի ավտոմեքենայում գտնվող վարորդ` 38-ամյա Գառնիկ Բադալյանը, ուղևորներ` 38-ամյա Նարինե Բաբայանը, 4-ամյա Միքայել և 6-ամյա Հայկանուշ Բադալյանները տեղում զոհվել են:

Հարվածից «Օպել»-ը հրդեհվել է, մարդիկ չեն հասցրել դուրս գալ մեքենայից և ողջ-ողջ այրվել են:

Բադալյանների ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները News.am-ի հետ զրույցում նշել են, որ 38-ամյա Գառնիկ Բադալյանը Մոսկվայում ապրում էր  կնոջ և երկու անչափահաս երեխաների հետ, բայց Չարենցավանում ևս մեծ բարեկամություն ունեն: «Ամբողջ  Չարենցավանը սգում է, շատ վատ վիճակ է, դիակներն էլ չեն տարբերում»,- հայտնել է մեր աղբյուրը:

Կայքի տեղեկություններով` Ռուսաստանում գտնվող չարենցավանցի մեծահարուստները հավաքվել են, որպեսզի օգնեն նրանց տեղափոխել Հայաստան: Առաջիկա երկու օրերին դիակները կբերեն Հայաստան:

Վթարի հանգամանքների և պատճառների մասին տեղեկություններն իրարամերժ են, ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, թե վթարը եղել է հայ վարորդի` հանդիպակաց գոտի մտնելու հետևանքով, մինչդեռ կան նաև տեղեկություններ, թե վթարի մեղավորը բեռնատար մեքենան է եղել:

Նախորդ հոդվածը‘Այրվել է Հայաստանից Ռուսաստան ուղևորվող բեռնատարը’
Հաջորդ հոդվածը‘Ն. Զոհրաբյանը վարչապետի ստորագրության բացակայության մասին. Ինձ մի ծիծաղեցրեք ‘