Ուկրաինան ոչ մի չափանիշով չի համապատասխանում ո՛չ Եվրոպական Միության անդամակցությանը, ո՛չ էլ թեկնածուի կարգավիճակին։
Նման կարծիք է հայտնել Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը իր Telegram ալիքում։
«Համատարած կոռուպցիա, հանցագործությունների խրախճանք, օլիգարխիկ իշխանություն և տնտեսության անկում` ահա ժամանակակից Ուկրաինայի բնութագիրը։ Եվ Եվրոպայում նույնպես դա հրաշալի հասկանում են, սակայն Ռուսաստանին թուլացնելու ցանկությունը գերակայում է»,- գրել է Վոլոդինը։
Դումայի խոսնակի խոսքով՝ Արևմուտքին չի հաջողվում Ռուսաստանի դեմ պայքարել «մինչև վերջին ուկրաինացին», դրա համար էլ Վաշինգտոնը և Բրյուսելը պատրաստ են ամեն ինչ անել, որ ռազմական գործողությունները շարունակվեն։ «Ուկրաինայի համար հետևանքը ողբալի կլինի։ Որոշումների կայացման կենտրոնը կտեղափոխվի Բրյուսել։ Նա վերջնականապես կկորցնի իր անկախությունը»,- հավելել է Վոլոդինը։
Փոխանցում է tass.ru-ն։