‘Վովա Գասպարյանի փեսան փորձում է լռեցնել սնանկացած ձեռներեցի բողոքը’

1463

«Կրեպսոն»  միրգ-բանջարեղենի խանութների նախկին սեփականատեր, ձեռներեց Արման Երեմյանը համոզված է որ, որ իրեն սնանկացման հասցրած և անօրինական ճանապարհով իր գումարներին տիրացած ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսա, Դավիթաշենի թաղապետ Արթուր Գևորգյանն իր մերձավորների հետ բոլոր միջոցներով փորձելու է լռեցնել իրենց բողոքի ձայնը, հայտնում է forrights.am-ը: «Էս գործի հետևում կանգնած է ոստիկանապետը։ Ես ասել եմ ու կասեմ․ եթե ինձ, իմ մորը և իմ ընտանիքին որևէ բան պատահի, ողջ պատասխանատվությունն ընկնում է Վովա Գասպարյանի վրա»,- հայտարարել է տուժողը:

Արման Երեմյանը դեռևս 2008 թվականից բիզնեսային գործարքի մեջ էր մտել Դավիթաշենի թաղապետ Արթուր Գևորգյանի և քաղաքապետարանի ավագանու անդամ Վաչագան Մանուկյանի հետ: Փոխհամաձայնությամբ մեկնարկած գործարքը, սակայն, կարճ ժամանակ անց վերածվում է բարձրաստիճան պաշտոնյաների կողմից թալանի։ Սնանկացած Արման Երեմյանն իր բողոքն է հայտնում նախկին «գործընկերներին», արդյունքում այս տարվա մարտի 22-ին Դավիթաշենի Տիգրան Պետրոսյան փողոցում տեղակայված «Կրեպսոն» խանութի դիմաց Արման Երեմյանը դաժան ծեծի է ենթարկվում։ 

Հիշեցնենք, որ դավիթաշենցի ձեռներեց Արման Երեմյանի մայրը՝ Գայանե Մարտիրոսյանը, ոստիկանապետ Վովա Գասպարյանից պահանջում է ապահովել իր ընտանիքի անվտանգությունը: Նա պահանջում է փոխհատուցել համայնքային իշխանությունների պարտադրած քրեածին բիզնեսի հետեւանքով իր որդու կրած միլիոնավոր դրամների կորուստը:  

Արդեն երկրորդ անգամ Արման Երեմյանի մոր՝ Գայանե Մարտիրոսյանի բողոքի քննությունը հետաձգվում է։ Եթե առաջին հետաձգման պատճառը վարույթն իրականացնող մարմնի չներկայանալն ու  նյութերի բացակայությունն էր, ապա այժմ մեկ այլ նիստի անսպասելի երկարաձգման հետևանքով գործով դատախազ Երեմյանի սպասել չցանկանալն էր։ Նիստը հետաձգվեց՝ նշանակվելով 2014 թվականի հունվարի 16-ին։ 

Անհրաժեշտ իրավական գիտելիքներ և փաստաբան չունեցող մայրն ու որդին վրդովված էին, հատկապես, նիստը նախագահող դատավոր Ռուբեն Ներսիսյանի բավականին ագրեսիվ և քամահրական վերաբերմունքից:

Նախորդ հոդվածը‘Օտարերկրյա ներդրումները կրճատվել են, օֆշորայինները՝ ավելացել. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Երեք եղբայր, երեքն էլ՝ պաշտոնի. Արարատի մարզպետի եղբայրը կդառնա գյուղապետ (Մամուլ)’