Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը միջազգային հանրությանը մեղադրում է Կոսովոյի սերբերին ճնշելու՝ Պրիշտինայի քաղաքականությանը աջակցելու մեջ, հաղորդել է EFE գործակալությունը։
«Միջազգային հանրության հետ բանակցություններում մենք գործի ենք դրել մեր բոլոր պաշարները, անում ենք առավելագույնը՝ խաղաղությունը պահպանելու և փոխզիջումնային լուծման հասնելու համար»,- հայտարարել է Վուչիչը՝ հավելելով, որ միջազգային հանրության հետ Բելգարդի շփումները Կոսովոյի թեմայով «բարդ են»։
Բացի այդ, նա Պրիշտինային մեղադրել է կոսովյան սերբերի իրավունքները սահմանափակելու մեջ և հայտարարել է, որ միջազգային հանրությունը խրախուսում է Կոսովոյի այդ գործողությունները։ Նա շեշտել է, որ «մեծ խայտառակություն» է համարում այն, որ միջազգային հանրությունը չի դատապարտել Սերբական ուղղափառ եկեղեցու հովվապետ Պորֆիրիոսի մուտքը Կոսովո արգելելը։
Ավելի վաղ Կոսովոյի իշխանությունները հովվապետին թույլ չեն տվել մտնել իրենց տարածք, երբ նա պատրաստվում էր այցելել այնտեղ ուղղափառների Սուրբ Ծննդյան առթիվ։ Մուտքի թույլտվության համար Կոսովոյի իշխանությունները պահանջել են, որ Սերբական ուղղափառ եկեղեցին հանդես գա իր այն ներկայացուցիչների դատապարտմամբ, «ովքեր ապօրինաբար ներխուժել են Կոսովո՝ հյուսիսում հանցավոր խմբավորումներին աջակցելու համար»՝ թվարկելով այդ հոգևորականների անունները։
Դեկտեմբերի կեսերից Կոսովոյի հյուսիսը արգելափակվել է թե՛ կոսովցի սերբերի և թե՛ Կոսովոյի ոստիկանության կողմից։
Փոխանցում է Interfax-ը։