‘ «ՎՏԲ-Հայաստան» բանկը փող աշխատելու հեշտ ձեւ է գտել’

985

Վերջին մի քանի օրվա ընթացքում տարօրինակ մի օրինաչափություն էի նկատում. «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ» բանկի այս կամ մասնաճյուղի դիմաց մշտապես մարդկանց մեծ կուտակումներ էին լինում: Ընդ որում, որպես կանոն՝ մարդիկ գոռգոռում էին, հայհոյում իշխանություններին ու բանկի կառավարչին, իսկ Շինարարների մասնաճյուղում, օրինակ,  նույնիսկ հսկիչի միջամտության անհրաժեշտություն էր զգացվել…

Հարցնում եմ` ի՞նչ է պատահել, ինչո՞ւ են մարդիկ վրդովված: Բանկի աշխատակիցները, բնականաբար, ոչ մի հարցի չեն պատասխանում, իսկ, ահա, քաղաքացիներից հետեւյալ պատասխանն եմ ստանում. «Իսկ էս երկրում ուրիշ ի՞նչ կարող է պատահել, բացի մարդկանց թալանելուց ու ամեն գնով ստորացնելուց: Փող աշխատելու հեշտ ձեւ են գտել` ամեն մի կոմունալ վճարման համար հարյուր դրամ են գանձում մեզանից, նախապես էլ չեն ասում»:

Առաջին բանը, որ արեցի` բանկ զանգահարելն էր: Այստեղ, սակայն, ինձ խորհուրդ տվեցին այցելել իրենց ինտերնետային կայք, որտեղ, իբր, ամեն բան մանրամասն ներկայացված է հանրությանը, եւ «ավելորդ ժամանակ չխլել իրենցից»:

«Խիստ զբաղվածների» կայքում, սակայն, ավելի մանրամասն մի բան չգտա, քան այն, ինչ արդեն մեր քաղաքացիներից էի իմացել: Ընդ որում՝ նրանք ճիշտ էին. օգտագործելով բնակչության մեծ պահանջարկը` կոմունալ վճարումների գործընթացի ավտոմատացման նկատմամբ, նաեւ` հիմնականում հատուկենտ փոստերում երկար հերթ կանգնելուց խուսափելու հանգամանքը (թեպետ, ուղիղն ասած, բանկերն էլ առանձնապես չեն փայլում իրենց ընդարձակությամբ ու նորմալ սպասարկմամբ), ՎՏԲ-ում որոշել են քաղաքացուն կա՛մ կլպել նոր չափի միջնորդավճար կոչվածով, կա՛մ ստիպել, որ նա հատկապես իրենց հետ պայմանագիր կնքի ու անվճար եղանակով կոմունալ վճարումներ կատարի:

Ստացվում է, որ 15.08.2013թ.-ից սկսած` նվազագույնը գազի, էլեկտրանէներգիայի, հեռախոսի, ջրի (չեմ խոսում արդեն ինտերնետի, բջջային հեռախոսների եւ մնացած ծառայությունների մասին) համար վճարող թոշակառուն կամ պիտի ժամերով հերթ կանգնի, որ բանկի հետ պայմանագիր կնքի` մշտապես այստեղ անվճար մուծումներ անելու համար, կամ էլ ամեն ամիս չորս հարյուր դրամ միջնորդավճար նվիրի ՎՏԲ-ին ու գնա տուն:

Հետաքրքիր է` Կենտրոնական բանկը գիտի՞, որ ռուսները հերթական նոր հեծանիվն են հորինել Հայաստանում՝ հարյուր դրամ միջնորդավճարը տարածելով միանգամից բոլոր ծառայությունների վրա: Եւ եթե այո` որքանո՞վ է այս որոշումը օրինական: Միայն թե չասեն, թե իրենք չեն կարող որոշումներ պարտադրել առեւտրային բանկերին:

Ներկայիս վարչապետը, ով ժամանակին ԿԲ նախագահ էր, ծաղկաձորյան մի սեմինարի ժամանակ լավ էլ խոստովանեց, որ իրենք անգամ գովազդային տեքստերն են վերահսկում: Ասաց` քաղաքացիներին մոլորության մեջ չգցելու եւ չխաբելու նպատակով, ոչինչ ավելի…

Գոհար Սիմոնյան

 

Նախորդ հոդվածը‘Միջադեպ զորամասում. Մեկ հոգի զոհվել է, մեկը՝ վիրավորվել’
Հաջորդ հոդվածը‘Իսրայելի ՌՕՈՒ-ն պատասխան հարված է հասցրել Լիբանանի տարածքին’