‘
Երեկ՝ սեպտեմբերի 18-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 31-րդ կմ հատվածում Չարենցավան քաղաքի վարչական շրջանում՝ մայրուղու վրա, տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է՝ անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել քաղաքացուն և, թողնելով անօգնական, դիմել փախուստի: Դեպքի վայր ժամանած դատաբժշկի և քննիչի զննության արդյունքում մահացածի մոտ հայտնաբերվել է Հանրապատեկան կուսակցության անդամատոմս՝ Ադիբեկ Մկրտչյանի անվամբ:
Ոստիկանությունը պարզում է, թե արդյոք մահացածը նշված անձնավորությունն է, ինչպես նաև ձեռնարկում է օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հայտնաբերելու համար մահվան ելքով վրաերթ կատարած վարորդին և նրա ավտոմեքենան:
‘