‘
Վրաստանի կառավարությունը դեռևս վերջնական որոշում չի ընդունել այն մասին, թե վրաց մարզիկները մասնակցելո՞ւ են Սոչիի ձմեռային 2014 թ. օլիմպիական խաղերին, տեղական ԶԼՄ-ները մեջբերում են Վրացական ԱԳՆ-ի փոխնախարար Դավիդ Զալքալիանիի խոսքերը: «Կա դիրքորոշում, որ Վրաստանը չի բվոյկոտի Սոչիի օլիմպիադան, սական կառավարությունն առայժմ վերջնական որոշում չի կայացրել Վրաստանի մասնակցության վերաբերյալ:
Վրաստանի մասնակցության ձևաչափի մասին հայտարարությունը կառավարությունը կհրապարակի մոտակա օրերին»,- լրագրողների հետ հանդիպմանը երկուշաբթի հայտարարել է Զալքալիանին : Մինչդեռ Վրաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Լերի Խաբելովն այսօր վրացական հեռուստաալիքներով հայտարարել է, որ վրաց կառավարությունն արդեն իսկ որոշում կայացրել է, և հիշեցրել է, որ հունվարին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հաստատել էր, որ Վրաստանն անպայման մասնակցելու է Սոչիի օլիմպիադային: Ըստ Խաբելովի՝ «մայիսի 2-ին տեղի կունենա նստաշրջան, որտեղ տարբեր դաշնային միավորների ներկայացուցիչներ կարտահայտեն իրենց կարծիքը օլիմպիադային մասնակցելու վերաբերյալ»:
Վրաստանի և Ռուսաստանի միջև այժմ դիվանագիտական հարաբերություններ չկան: Դրանք խզվել են Թբիլիսիի կողմից, երբ 2008 թ. Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, հաղորդում է РИА Новости-ն:
‘