‘
Վրաստանի կառավարությունը հաստատել է մցխեթցի թուրքերի «հայրենադարձման» ռազմավարությունը: Ինչպես հաղորդում է «Գրուզիա-օնլայնը», սեպտեմբերի 17-ին հրապարակված փաստաթղթում ներկայացված են ընդհանուր դրույթներ, որոնք առնչվում են նախորդ դարի 40-ական թվականներին տեղահանված մցխեթցիների վերադարձին և նրանց ինտեգրմանը Վրաստանի հասարակությանը:
Բացի այդ, Վրաստանի կառավարությունը մտադիր է մշակել ծրագիր, որում շարադրված կլինեն արդեն հայրենադարձության որոշակի մեխանիզմներ, գործողություններ և ընթացակարգեր:
Մցխեթցիների ինտեգրմանն աջակցելու նպատակով ռազմավարությունում ընդգծվում է նրանց մշակութային ինքնատիպության պահպանման, ինչպես նաև Վրաստանի պետական լեզվի իմացության անհրաժեշտությունը: Ելնելով դրանից` Վրաստանի կառավարությունը մտադիր է վրացերենի դասընթացներ կազմակերպել հայրենադարձների համար, ինչպես նաև ապահովել կրթական ռեսուրսների մատչելիություն:
1999 թվականին Եվրոպայի խորհրդին անդամակցելիս Վրաստանն ստանձնել է ստալինյան վարչախմբի կողմից Ջավախքից տեղահանված մցխեթցիներին հայրենիք վերադարձնելու պարտավորություն:
‘