‘Վրաստանը մտադիր է սեպտեմբերի 1-ից վիզային ռեժիմ մտցնել Հայաստանի հետ’

1820

Վրաստանը մտադիր է սեպտեմբերի 1-ից վիզային ռեժիմ մտցել Հայաստանի հետ, ու այս կապակցությամբ Հայաստանը ցանկանում է այս հարցը բարձրացնել Վրաստանի վարչապետի հետ երկու օրից կայանալիք հանդիպման ընթացքում: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը` հղում անելով «Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականին:

Ըստ վրացական լրատվամիջոցի՝ հանդիպումների ընթացքում քննարկվելու են տնտեսական ու քաղաքական հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվելու այն իրավիճակին, որը ստեղծվել է, մի կողմից, Եվրամիության և Վրաստանի միջև ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց հետո, երբ, մյուս կողմից, Հայաստանը գնում է դեպի Մաքսային միություն:

Կողմերը մտադիր են քննարկել առաջացող հակասությունները և համագործակցության փոխընդունելի ձևաչափեր գտնել: 2014 թվականի սեպտեմբերի 1-ից բոլոր արտասահմանցիները՝ անկախ նրանից, թե որ երկրի քաղաքացիություն ունեն, եթե ցանկանում են Վրաստանում 90 օրից ավելի մնալ՝ սովորելու, աշխատելու, բիզնես ծավալելու կամ ընտանիքի միավորվելու նպատակով, բոլոր դեպքերում նրանք պետք է համապատասխան վիզա ստանան տվյալ երկրում գործող Վրաստանի հյուպատոսական ծառայություններից:

Վրացական լրատվամիջոցները նշում են, որ Իրակլի Ղարիբաշվիլին վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո առաջին պաշտոնական այցը կատարում է Հայաստան:

 

Նախորդ հոդվածը‘Թուրքիայի դեսպանատան վրա կրակած Արթուր Միրզոյանը կալանավորվել է’
Հաջորդ հոդվածը‘Բնապահպանության նախարարությունը հաշվարկվել է 8.9 մլն.դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս’