‘Վրաստանը պատրաստ է քննարկել Աբխազիայով երկաթուղու աշխատանքի վերսկսման հարցը ‘

1116

Վրաստանի կառավարությունը պատրաստ է քննարկել աբխազական երկաթգծի վերագործարկման հարցը, որը կկապի Վրաստանը և Ռուսաստանը: Ինչպես հայտնում է «Գրուզիա օնլայնը», այդ մասին հայտարարել է Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցով Վրաստանի վարչապետի լիազոր ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն: Ըստ որում, նա նշել է, որ մինչ օրս այդ թեման այդպես էլ չի քննարկվել Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինի հետ ունեցած հանդիպումների ընթացքում:

«Եթե ռուսական կողմը շահագրգռված է երկաթուղային հաղորդակցության վերականգնմամբ, պետք է համապատասխան նախաձեռնությամբ դիմի Վրաստանին: Մենք չենք հրաժարվում այդ հարցի քննարկումից, բայց դա ոչ միայն երկաթգծի խնդիր է. այն շատ ավելի լուրջ ու բարդ հարց է: Հասկանալի է, որ խոսքը Աբխազիայի մասին է, այդ պատճառով նախքան տրանսպորտային խնդիրների քննարկումը, պետք է քաղաքական հարցերի շուրջ ընդհանուր կարծիքի հանգել»,-հայտարարել է Աբաշիձեն:

Բրիտանական  International Alert ոչ կառավարական կազմակերպության հետազոտությունների համաձայն, 1991 թվականից անգործության մատնված Սոչի-Սուխում-Թբիլիսի-Երևան ուղեգծով աբխազական երկաթուղու վերակառուցումը կարժենա 277,5 մլն դոլար, որը կհաջողվի վերադարձնել առնվազն 100 տարի հետո: Ուշագրավ է, որ աբխազ փորձագետների պաշտոնական եզրակացությունների համաձայն, այդ գումարը կազմում է 350-400 մլն դոլար, մինչդեռ նրանց վրացի գործընկերները կարծում են, որ դրա համար կպահանջվի 73 մլն դոլարից ոչ ավելի:

Նախորդ հոդվածը‘Դիկ Ադվոկատի մամուլի ասուլիսը՝ հոկտեմբերի 10-ին’
Հաջորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյանի պատասխանը ձեռներեցները «տրյուկ» որակեցին’