‘Վրաստանը և Օսիան կարող են կալանավորներ փոխանակել’

600

Վրաստանի ժողովրդական պաշտպան (օմբուդսմեն) Ուչա Նանուաշվիլին առաջարկել է Մարեկ Դուդաևին և ազգությամբ օս այլ կալանավորների փոխանակել Ցխինվալիի բանտում պահվող վրացիների հետ: Այդ մասին օմբուդսմենը լրագրողներին հայտնել է այսօր՝ N7 հաստատությունից դուրս գալուց հետո, որտեղ հանդիպել էր Մարեկ Դուդաևի հետ: Նանուաշվիլին նաև ասել է, որ ժողովրդական պաշտպանի աշխատակազմը սկսում է ուսումնասիրել Դուդաևի գործը, որտեղ, իրենց կարծիքով, շատ խախտումներ կան: Մարեկ Դուդաևը վրաց-օսական հակամարտության ժամանակ մի քանի հոգու սպանության  մեղադրանքով դատապարտվել է  23 տարվա ազատազրկման, և արդեն 9 տարի կրել է պատիժը: Համաներմամբ նրա պատիժը կրճատվել է չորս տարով: Նանուաշվիլիի խոսքերով՝ Դուդաևի առողջական վիճակը մտահոգիչ է:

Օմբուդսմենը դժվարացել է պատասխանել, թե Վրաստանի քանի քաղաքացի  կա Ցխինվալիի բանտում, բայց  խոստացել է, որ իր աշխատակազմը կզբաղվի այդ թիվը ճշտելու հարցով: Նա նաև նշել է, որ կալանավորների փոխանակման հարցով օսական կողմի հետ բանակցություններ են տարվել արդեն մի քանի անգամ, այդ թվում՝ 2008 թ. օգոստոսյան պատերազմից հետո, և դրանց մասնակցել են Վրաստանի պատրիարքությունը և եվրահանձնակատար Թոմաս Համերբերգը, հաղորդում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘«Չելսիի» ստոր քայլը ցնցել է երկրպագուներին’
Հաջորդ հոդվածը‘Հարութ Սասունյան. Ադրբեջանը մեղադրում է Թուրքիայի նախագահին՝ Սերժ Սարգսյանին շնորհավորելու համար’