‘Վրաստանի ԱԳ նախարար. «Կովկաս -2012» զորավարժությունները սպառնալիք են տարածաշրջանի կայունության համար’

754

«Կովկաս -2012» զորավարժությունները սպառնալիք են ոչ միայն Վրաստանի, այլև ողջ տարածաշրջանի կայունության համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` հղում անելով «Նովոստի Գրուզյա» կայքին, այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն սեպտեմբերի 17-ին Թբիլիսիում` Բուլղարիայի, Լատվիայի, Լիտվայի, Ռումինիայի, Չեխիայի արտաքին գործերի նախարարների հետ համատեղ հանդիպմանը: Հինգ եվրոպական երկրների արտաքին գործերի նախարարները Վրաստան են ժամանել երկօրյա պաշտոնական այցով: Պաշտոնական այցի շրջանակներում նրանք հանդիպումներ կունենան Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլու և վրացական բարձր ղեկավարության այլ ներկայացուցիչների հետ: Այցելության քննարկումների առանցքում են Վրասատնում կայանալիք խորհրդարանական ընտրությունները, երկրի ինտեգրումը ԵՄ և ՆԱՏՕ, ինչպես նաև տարածաշրջանում անվտանգության ու կայունության հարցերը: «Մենք բոլորս պետք է լավ հիշենք, թե ինչ հետևանք ունեցան Ռուսաստանի զորավարժությունները Կովկասում 2008թ-ին, որոնք իրենց մասշտաբով շատ ավելի փոքր էին»,-հավելել է Վաշաձեն:

Համատեղ հանդիպման ընթացքում զորավարժությունները տարածաշրջանային կայունության տեսանկյունից մեկնաբանել է նաև Լիտվայի ԱԳՆ Աուդրոնիուս Աժուբալիսը, ով նշել է, որ Ռուսաստանի «Կովկաս -2012» զորավարժությունները չեն նպաստում տարածաշրջանի կայունությանը: «Հնարավոր անկայունության պատասխանատվությունը կդրվի ՌԴ-ի վրա է»,-ընդգծել է նա:

ՌԴ ԱԳՆ տեղեկատվությամբ, զորավարժութոյւնները կանցկացվեն սեպտեմբերի 17-23-ն ընկած ժամանակահատվածում: Ընդհանուր առմամբ վարժանքներին կմասնակցեն 8 հազար զինվորներ, ավելի քան 200 մարտական մեքենա, մոտավորապես 100 թնդանոթ, ինչպես նաև տասը մարտական նավ: Զորավարժությունները կանցկացվեն երկու փուլով, չորս հրաձգարաններում և Սև ու Կասպից ծովերի շրջաններում: Առաջին փուլը կանցկացվի Կրասնոդարի շրջանի «Ռաևսկի» հրաձգարանում:

Նախորդ հոդվածը‘Սումգայիթի գործարաններից մեկում պայթյուն է որոտացել (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Սումգայիթում երկրորդ պայթյունն է տեղի ունեցել ‘