‘
Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին կարող է հարցաքննվել բոլորովին նոր, «մինչ այժմ չհնչած գործով», այս մասին շաբաթ օրը, ուշ երեկոյան «Մաեստրո» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլին:
Նրա խոսքով՝ նախագահին ուղղված հարցեր կան ոչ միայն նախորդ իշխանությունների կողմից «Իմեդի» հեռուստաընկերությունը սեփականացնելու, այլ մի այլ գործով, որի մասին դատախազությունը մինչ այժմ ոչինչ չի հայտարարել, սակայն հիմա Սաակաշվիլուն հարցաքննելու անհրաժեշտություն է առաջացել:
««Իմեդիի» գործն այն գործերից է, որոնցում նախագահի առնչությունը դրան որոշվում է մեր ունեցած նյութերով: Գոյություն ունի մեկ այլ գործ ևս, և նախաքննական մարմնի ունեցած փաստերով որոշվում է նրա առնչությունը դրան ու հնարավոր հարցաքննության ահնրաժեշտությունը»,- նշել է նա:
Կբիլաշվիլին անդրադարձել է նաև 2008 թվականի օգոստոսյան իրադարձություններին ու նշել, որ դատախազությունը հետաքննում է գործը, ինչի կապակցությամբ հատուկ հանձնաժողով է ստեղծվելու:
Մեկ շաբաթ առաջ Սաակաշվիլին հայտարարել է, որ անլուրջ է համարում իրեն հարցաքննության կանչելը կապված 2005-ի փետրվարին վարչապետ Զուրաբ Ժվանիայի անսպասելի մահվան հետ:
«Դա անլուրջ է: Աշխարհում ոչ ոք նախագահին հարցաքննության չի կանչում, եթե, իհարկե, մենք չենք ուզում նմանվել տումբա-յումբա ցեղախմբերին, որոնք, հավանաբար, արդեն չկան»,- հայտարարել է Սաակաշվիլին:
‘