Վրաստանի իշխող կուսակցությունը դիմել է ՍԴ՝ նախագահի իմպիչմենտի հարցով

117

Իշխող «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կուսակցությունը Սահմանադրական դատարան է ներկայացրել հավաքված ստորագրությունները երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին իմպիչմենտ հայտարարելու վերաբերյալ։

Այդ մասին հաղորդում է «Իմեդի» հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ իմպիչմենտի առաջարկը ներկայացրել են իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն ու ևս չորս պատգամավորներ, որոնք լիազորված էին դա անելու։ Հավաքված ստորագրությունները Սահմանադրական դատարանում արձանագրվելու փուլում են։

Նախորդ օրը Վրաստանի խորհրդարանի արարողակարգային հարցերով հանձնաժողովը հաստատել է պատգամավորների 80 ստորագրությունները՝ իմպիչմենտի գործընթացն սկսելու համար։ Որպեսզի Սահմանադրական դատարանը քննարկի այդ հարցը, անհրաժեշտ է հավաքել պատգամավորների առնվազն մեկ երրորդի, այսինքն՝ 150-ից 50-ի ստորագրությունը։ Որոշում կայացնելու համար դատարանը մեկ ամիս ժամանակ ունի։ Եթե հաստատվի սահմանադրության խախտման փաստը՝ որպես նախագահին հեռացնելու հիմք, խորհրդարանին երկու շաբաթ ժամանակ է տրվում համապատասխան քվեարկության համար։ Իմպիչմենտ հայտարարելու համար անհրաժեշտ է պատգամավորների ձայների երկու երրորդը, այսինքն՝ 150-ից 100 ձայն։

Իշխող կուսակցությունը սեպտեմբերի 1-ին հայտարարել է նախագահի իմպիչմենտի ընթացակարգի մեկնարկը։ Պատճառը նրա այցն էր Եվրոպա՝ ԵՄ առաջնորդների հետ հանդիպման, ինչը կառավարությունը նրան թույլ չէր տվել անել։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԼիբիայի ԱՆ․ Տեղատարափ անձրևների ու հեղեղների զոհերի թիվը հասել է 3 հազարի
Հաջորդ հոդվածըՄինչև տարեվերջ կպահպանեն Ուկրաինայից հացահատիկի արտահանման արգելքը