‘Վրաստանի խորհրդարանը հաստատել է ԵՄ և ՆԱՏՕ ինտեգրացիայի ծրագիրը’

805

Վրաստանի խորհրդարանը երեկ՝ հինգշաբթի օրը հաստատել է մի բանաձև, որի համաձայն երկիրը կշարունակի Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամագրվելու գործընթացն ու դիվանագիտական հարաբերություններ չի պահպանի այն երկրների հետ, որոնք ճանաչում են Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը:

19 կետից բաղկացած բանաձևը միաձայն ընդունվել է 96 պատգամավորների կողմից: Փաստաթղթում արտաքին քաղաքականության առաջնահերություններից նշվում է «եվրոպական ու եվրաատլանտյան ինտեգրացիան»: Այնտեղ ասվում է, որ Վրաստանը ռազմավարական գործընկերներ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի համագործակցության շրջանակներում մտադիր է իրականացնել դրված առաջադրանքերը և այդ գործընթացը դիտվում է որպես «պարտավորություն վրաց ժողովրդի առջև»:

Բանաձևում նաև նշվում է, որ Վրաստանը «չի ունենա դիվանագիտական հարաբերություններ և ռազմաքաղաքական ու մաքսային կապեր այն պետությունների հետ, որոնք ճանաչում են Աբխազիայի կամ Ցխինվալիի շրջանի (Հարավային Օսիայի) անկախությունը»:

Փաստաթղթում ասվում է նաև, որ Վրաստանը երկխոսելու է Ռուսաստանի հետ, ինչի նպատակը կոնֆլիկտի լուծումն է, բարիդրացիական հարաբերությունների ապահովումն ու զարգացումը:

Նախորդ հոդվածը‘Հնդկական ավիաընկերության բոլոր չվերթները մարտի 8-ին կսպասարկեն կանայք’
Հաջորդ հոդվածը‘Միլոշ Զեմանը ստանձնել է Չեխիայի նախագահի պաշտոնը’