‘Վրաստանի խորհրդարանը Քութայիսիից կարող է Թբիլիսի վերադառնալ’

797

Երկու տարի առաջ Քութաիսի տեղափոխված վրացական խորհրդարանը կարող է կրկին վերադառնալ Թբիլիսի, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Իշխող «Վրացական Երազանք» դաշինքի ներկայացուցիչները չեն բացառում իրադարձությունների զարգացման նման սցենարը` նշելով, թե խորհրդարանի տեղափոխման մասին` նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի 2012 թվականին կայացրած որոշումը ժամանակավրեպ էր և զուրկ հիմնավոր պատճառաբանություններից:

Սա է, թերևս, պատճառը, որ խորհրդարանի նախկին` Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելի պողոտայում գտնվող շենքը վերջին ամիսներին սկսել են ակտիվորեն վերանորոգել: Երեքշաբթի օրն էլ խորհրդարանի ղեկավար մարմինը` բյուրոն, նիստ էր հրավիրել ոչ թե Քութաիսիում գտնվող ժամանակակից, ապակեպատ շենքում` այլ Թբիլիսիի կենտրոնում` նախկին խորհրդարանական համալիրի տարածքում:

Վրացական խորհրդարանի ղեկավար Դավիթ Ուսուպաշվիլին, սակայն, նշում է` առայժմ խորհրդարանի վերադարձը Թբիլիսի քիչ հավանական է: Դրա պատճառն էլ ոչ թե ցանկության բացակայությունն է, այլ օրենսդրական խոչընդոտները:

«Վրաստանի խորհրդարանի նստավայրն, ըստ Սահմանադրության, Քութաիսին է: Այդ իսկ պատճառով առավելագույնն ինչ կարող ենք անել տվյալ պահին` Թբիլիսիում մշտական հանձնաժողովներում կազմակերպվող լսումներն ու բյուրոյի արտագնա նիստերի կազմակերպումն է, իսկ լիագումար նիստերի համար` Քութաիսի մեկնելը», — ասում է նա:

Միխաիլ Սաակաշվիլիի կողմնակիցները համոզված են, որ «Վրացական երազանքի» իրական ցանկությունը Քութաիսին խորհրդարանական մայրաքաղաքի սահմանադրական կարգավիճակից զրկելն է: Ընդդիմադիր Ազգային միացյալ շարժման խորհրդարանական խմբակցության ղեկավար Գոկա Գաբաշվիլիի պնդմամբ, իշխանությունները փորձում են զրոյացնել նախկին նախագահի բոլոր ձեռքբերումներն ու նախաձեռնությունները:

Մանրամասները` «Ազատություն» ռ/կ կայքում

Նախորդ հոդվածը‘Գործարկվել է ԼՂՀ ԱԺ կայքը’
Հաջորդ հոդվածը‘Ռոբերտ Քոչարյանի 60-ամյակին նվիրված ֆիլմի այլընտրանքային սցենար (հեղինակ՝ Լևոն Տեր-Պետրոսյան)’