‘Վրաստանի կառավարությունը մտադիր է կրճատել նախագահի աշխատակազմի ֆինանսավորումը ‘

609

Վրաստանի կառավարությունը որոշել է նշանակալիորեն կրճատել նախագահի վրա արվող պետական ծախսերը: Interfax-ը հայտնում է, որ 2013-ի պետբյուջեի նախագծով նախագահի աշխատակազմի ֆինանսավորումը $8,4 միլիոնից կկրճատվի մինչեւ $5,4 միլիոն:

Բացի դրանից, նախագահական պահուստային ֆոնդը, կառավարության ծրագրերի համաձայն, կկրճատվի հինգ անգամ՝ $30 միլիոնից մինչեւ $6 միլիոն: Բյուջեի նախագիծն արդեն հանձնվել է խորհրդարանի հաստատմանը:

Նախորդ շաբաթ արդեն Վրաստանի նոր վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարեց նախագահի աշխատակազմի բյուջետային հատկացումները նշանակալիորեն նվազեցնելու մտադրության մասին: Նա նաեւ անհարկի է համարել պետական միջոցների հաշվին նախագահի նստավայրի գոյությունը: Այդ առիթով Իվանիշվիլին առաջարկել է գործող նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ազատել նստավայրը եւ տեղափոխվել մեկ այլ շենք, որտեղ տեղակայված են ազգային անվտանգության խորհուրդը եւ մի քանի այլ գերատեսչություններ:  

Իսկ ֆինանսների նոր նախարար Նոդար Խադուրին հայտարարել է, որ նախագահի նստավայրի՝ պատմական Հավլաբար թաղամասում գտնվող շենքը կարելի է վերածել հյուրանոցի: Մինչդեռ, Սաակաշվիլին հրաժարվել է տեղափոխվել: Նախագահի մամուլի քարտուղար Մանանա Մանջգալաձեն հայտարարել է, որ նախագահի նստավայրը Սաակաշվիլիի սեփականությունը չէ, այլ պետական իշխանության խորհրդանիշերից մեկը:  

 

 

Նախորդ հոդվածը‘Արմենակ Դովլաթյան. Եթե շանսեր չլինեին, չէի առաջադրվի’
Հաջորդ հոդվածը‘«Զվարթնոցը» «Արմավիային» կզրկի ավիաօդերեւութաբանական տեղեկատվությունից’