‘Վրաստանի հազարավոր հայեր օրենքի խախտմամբ ՀՀ քաղաքացիություն են ստացել’

2108

Վրաստանում բնակվող հինգ հազար հայեր ՀՀ քաղաքացիություն են ընդունել՝ այդ փաստը թաքցնելով իշխանություններից։ Նրանք նման որոշում են կայացրել, որպեսզի առանց խոչընդոտների մեկնեն Ռուսաստան ու այնտեղ աշխատանքի տեղավորվեն, հայտնում է epress.am-ը՝ հղում անելով «Ռուստավի 2» հեռուստաալիքին։

ՀՀ անձնագրեր ստանալուց հետո, սակայն, նրանք կորցրել են Վրաստանի քաղաքացիությունը, քանի որ Վրաստանի Սահմանադրության համաձայն, երկրի քաղաքացին, որը միաժամանակ դարձել է մեկ այլ երկրի քաղաքացի, ավտոմատ կերպով կորցնում է Վրաստանի քաղաքացիությունը, իսկ երկքաղաքացիություն ունենալու համար անհրաժեշտ է դիմել Վրաստանի նախագահին։

«Էխո Կավկազա» ռադիոկայանը, հղում կատարելով տեղական ԶԼՄ֊ներին, հայտնում է, որ, փորձելով լուծել խնդիրը, հայաբնակ Ջավախքի բնակիչները ստորագրահավաք են սկսել, որը ղեկավարում է Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Մելիք Ռաիսյանը։ Բնակիչները խնդրում են իրենց թույլ տալ շարունակել բնակվել Վրաստանում՝ առանց տեղի քաղաքացիություն ունենալու։

2012 թվականի մայիսին «Հայաստանն առանց ընտրակեղծիքների» քաղաքացիական նախաձեռնությունը դիմել էր ՀՀ ԱԱԾ-ին` խնդրելով հրապարակել մայիսի 3-4-5-ին Վրաստանից ՀՀ պետական սահմանը հատած քաղաքացիների թիվը և անձնագրային տվյալները: Նախաձեռնությունը մտահոգություն էր հայտնել, որ Վրաստանից Հայաստան բերվել են քաղաքացիներ` ԱԺ ընտրություններին մասնակցելու համար:

«Ջավախքից ավտոբուսներով մեծ թվով մարդիկ են բերվում Հայաստան: Ընդ որում, նրանք թեև Վրաստանի քաղաքացի են, բայց ունեն հայկական անձնագիր և ներառված են ընտրացուցակներում: Ընդ որում, վրացական օրենքներով արգելվում է երկքաղաքացիությունը: Այնպես որ, գործ ունենք ջավախահայերին տրամադրված անօրինական հայկական անձնագրի մասին, ինչը Հայաստանում քվեարկության իրավունք է տալիս: Ի դեպ, Ջավախքից դեպի Երևան շարժվող ավտոբուսների վրա ռուսերեն գրված է. «Ջավախքն ի պաշտպանություն Հանրապետական Կուսակցության»: Մեզ ահազանգած ջավախքցիները հայտնել են, որ շարասյունն ուղեկցել է Ախալքալակի ոստիկանապետի որդին` ոմն Գևորիկը», – ասված էր հայտարարության մեջ:

Նախորդ հոդվածը‘Twitter-ում այսուհետ կարելի է հայատառ հեշթեգեր օգտագործել’
Հաջորդ հոդվածը‘Պլանային ջրանջատումներ Էրեբունիում եւ Արարատի մարզում’