‘Վրաստանի նոր նախագահի երդմնակալության արարողությունը բավական համեստ է եղել’

775

Վրաստանն արդեն պաշտոնապես նոր նախագահ ունի. կիրակի օրը տեղի է ունեցել Գերորգի Մարգվելաշվիլիի երդմնակալության արարողությունը: Մարգվելաշվիլին Վրաստանի չորրորդ նախագահն է և առաջինը, ով իր նախորդին փոխարինել  է առանց հեղափոխության կամ հեղաշրջման: Նոր նախագահի պաշտոնակալության արարողությունը տեղի է ունեցել վրացական մայրաքաղաքի կենտրոնական՝ Ռուսթավելի փողոցում գտնվող՝ խորհրդարանի չգործող շենքում: Արարողությանը մասնակցել են աշխարհի տարբեր երկրների առնվազն հիսուն պատվիրակություններ: Նոր նախագահի վարչակազմի ներկայացուցիչների խոսքով՝ երդմնակալության արարողությունը բավական համեստ է եղել, այն ամենաէժանն էր անկախ Վրաստանի ողջ պատմության ընթացքում. Բոլոր հանդիսությունները բյուջեի վրա ընդամենը կես միլիոն դոլար են արժեցել: Ռազմական շքերթ չի եղել, միայն խորհրդարանի շենքի բակում երկրի ղեկավարը հանդիպել է տարբեր զորքերի ներկայացուցիչների հետ: Եվրամիության դրոշներ, որոնք պարտադիր էին Սաակաշվիլիի օրոք անցկացվող բոլոր պաշտոնական արարողությունների ժամանակ, նույնպես չեն եղել, սակայն նորընտիր նախագահի երդմնակալական խոսքից  ակնհայտ էր, որ Վրաստանի նոր ղեկավարությունը ևս արևմտամետ քաղաքականություն է վարելու: «Վրաստանի քաղաքացին, որպես անհատ՝ եվրոպացի է, արևմտյան քաղաքակրթության անքակտելի մասը»,- հայտարարել է Մարգվելաշվիլին և հավելել, որ ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին ինտեգրվելու գործընթացները մնում են Վրաստանի քաղաքականության գերակա ուղղությունները:

Վրաստանի արդեն նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, չնայած պաշտոնական հրավերին, հնարավոր չի համարել մասնակցել  նոր նախագահի երդմնակալության արարողությանը: Նա հատուկ հայտարարություն է տարածել, որում ևս մեկ անգամ մեղադրել է երկրի նոր ղեկավարությանը իր կուսակցության անդամներին հետապնդելու համար և հիշեցրել, որ դեռևս նախնական կալանքի տակ են նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին և պաշտպանության ու ներքին գործերի նախկին նախարար Բաչո Ախալայան:

Առողջական նկատառումներով արարողությանը չի մասնակցել նաև Վրաստանի մյուս նախկին նախագահը՝ Էդուարդ Շևարդնաձեն. 85 տարեկան  Շևարդնաձեն որոշել է բավարարվել միայն շնորհավորական նամակով:

Գեորգի Մարգվելաշվիլին հոկտեմբերի 27-ի նախագահական ընտրություններում հավաքել է քվեների 62 %-ը: Նա կդառնա Վրաստանի առաջին նախագահը, ով կաշխատի փոփոխված սահմանադրության պայմաններում, որը նախագահին սոսկ ներկայացուցչական գործառույթներ է վերապահում: Հիմնական քաղաքական իշխանությունը կենտրոնացած կլինի վարչապետի և խորհրդարանի ձեռքում: Արդեն հայտնի է, որ նորընտիր նախագահն իր առաջին արտասահմանյան այցը կատարելու է Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուս, որտեղ նոյեմբերի 28-ին կնախաստորագրի ԵՄ-ի հետ Վրաստանի ասոցացման համաձայնագիրը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Շաբաթվա համառոտ ամփոփում’
Հաջորդ հոդվածը‘Սիրիայի իսլամիստական խմբավորման առաջնորդը վախճանվել է Թուրքիայում’