‘Վրաստանի վարչապետը վերջնագիր է ներկայացրել երկրի նախագահին’

809

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին կոչ է արել հստակ արտահայտել իր դիրքորոշումը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ: «Առաջիկա երկու-երեք օրերին դուք պետք է հստակ և միանշանակ հայտարարեք՝ արդյո՞ք պաշտպանում եք, թե՞ ոչ՝ կառավարության փոփոխությունն առանց խորհրդարանի համաձայնության»,- ասված է Իվանիշվիլիի ուղերձում: Վարչապետը նաև ընդգծել է, որ «իշխանության հարցը երկրում լուծված է»: «Մեր նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները քվեարկության կդրվեն մինչև մարտի վերջ: Իսկ այդ քվեարկությունն իսկապես ջրբաժան է դառնալու: Կուզեք՝ իմ խոսքերն ընդունեք իբրև վերջնագիր, կուզեք՝ համարեք քաղաքական մեծահոգություն, սակայն միանգամայն հստակ հայտարարում եմ՝  ովքեր համաձայն են մեր փոփոխություններին, նրանք կշարունակեն իրենց ծառայությունը երկրին, նրանց իրենց քաղաքական սխալներն  ուղղելու և լավագույն քաղաքական ապագա ունենալու հնարավորություն կտրվի: Իսկ ով հրաժարվի փոփոխություններից, նա լիակատար պատասխանատվություն կստանձնի այն ամենի համար, ինչ կատարել է ձեր զինակիցներից որևէ մեկը վերջին տասը տարիների ընթացքում, և կշարունակի ապրել այդ բեռն ուսերին»,- նշել է Բիձինա Իվանիշվիլին, հաղորդում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘Թուրքիան մի քանի շաբաթից կներկայացնի քրդական հարցի վերաբերյալ առաջարկները’
Հաջորդ հոդվածը‘«Ստյաուայի» նախագահը հրաժարվել է ընթրել «Այաքսի» նախագահի հետ վերջինիս կոշիկների պատճառով’