‘
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն մայիսի 13-ին ընդունել է Ազգային ավանդական կարատեի ասոցիացիայի նախագահ, Հայաստանում աշխարհի շոտոկան կարատեի միության (WSKU) ներկայացուցիչ Վյաչեսլավ Հարությունյանին:
Այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:
Հարությունյանը տեղեկացրել է շոտոկան կարատեի օրերս Թբիլիսիում կայացած առաջնության ժամանակ տեղի ունեցած միջադեպի՝ Վրաստանի հավաքականի անդամ ջավախահայ մարզիկի և ադրբեջանցի մարզիկի միջև ծեծկռտուքի մանրամասների մասին:
Նա նախարարին է ներկայացրել միջադեպի առիթով հրավիրված WSKUի հատուկ նիստի ժամանակ ընդունված պաշտոնական որոշումը, որում մասնավորապես նշված է Վրաստանի և Ադրբեջանի հավաքականների մարզիչների որակազրկման մասին:
Փաստաթղթում հատուկ շեշտվել է նաև, որ սոցցանցերում տարածված՝ ազգամիջյան ընդհարման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, և այն սոսկ միջանձնային է եղել:
Նախարարն իր գոհունակությունն է հայտնել, որ WSKUի պահանջով Վրաստանի և Ադրբեջանի կարատեի ֆեդերացիաների կողմիցներկայացված պաշտոնական գրություններում երկու երկրներն էլ իրենց համաձայնությունն են հայտնել մարզիչների որակազրկման վերաբերյալ և պատրաստակամություն հայտնել մշտապես պահպանելու արդար մրցակցության և սպորտային համերաշխության կանոնները:
«Ես ցանկանում եմ մեկ անգամ ևս կոչ անել մեր լրատվամիջոցներին հիմք ընդունել միմիայն ստուգված տեղեկատվությունը և օգտվել պաշտոնական լրահոսից», ասել է Գ. Ղազարյանը:
‘