‘Վրաստանում համաներմամբ ազատ են արձակվել սվան գրոհայիններ’

851

Վրաստանում համաներմամբ ազատ են արձակվել Գոչա և Շմագի Ապրասիձե եղբայրները, որոնք դատապարտվել էին հանցավոր խմբավորում կազմակերպելու մեղադրանքով, հաղորդում է Интерфакс-ը:

Սվանների կլանի ներկայացուցիչները (սվանները բնակվում են Վրաստանի արևմուտքում) դատապարտվել էին 2004 թ., «վարդերի հեղափոխությունից» և Միխեիլ Սաակաշվիլիի՝ իշխանության գալուց քիչ անց: Նրանց ձերբակալելու համար լայնածավալ գործողություն էր կազմակերպվել, որի միջոցով նոր իշխանությունը, ըստ երևույթին, ուզում էր ցուցադրել իր «անհանդուրժողականությունը կրիմինալի նակատմամբ»:  Ըստ տեղեկությունների՝ Ապրասիձեների կլանը վերահսկում էր իրավիճակը  Սվանեթիա լեռնային շրջանում դեռևս խորհրդային ժամանակներից: Վրաց իշխանությունների տվյալներով՝ նրանց մեղսագրվում էին սպանություններ, մարդկանց առևանգումներ և շորթումներ: Ինչպես հայտարարել էր Սաակաշվիլին, «Ապրասիձե կլանի բանդան փաստացիորեն ձևավորել էր մասնավոր բանակ, որը 12 տարի շարունակ ահաբեկում էր տարածաշրջանը, սակայն նախկին իշխանությունները որևէ կերպ դրան չէին արձագանքում»:

Սվանեթիայում լայնածավալ գործողություններն սկսվել էին 2004 թ. մարտին: Դրան մասնակցում էին տասը ուղղաթիռներ, որոնցով Էցերա գյուղի տարածքում իջեցվել էին հարյուրավոր հատուկ ջոկատայիններ: Փոխհրաձգության արդյունքում կլանի պարագլուխ Ապրասիձեն և նրա որդիներից մեկն սպանվել էին, մյուս երկու որդիները ՝ ձերբակալվել և դատապարտվել 18 և 20 տարվա ազատազրկման:

Համաներումը, որի արդյունքում ազատ արձակվեցին նաև Ապրասիձե եղբայրները, անցկացվեց Վրաստանում փաստացի իշխանափոխությունից հետո: Սաակաշվիլին հանդես եկավ համաներում հայտարարելու դեմ, սակայն Իվանիշվիլիի «Վրացական երազանքի» վերահսկողության տակ գտնվող խորհրդարանը հաղթահարեց նախագահի վետոն, հաղորդում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ԱԺ ամենաշատ «կողմ» քվեարկածների տասնյակը (Ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘«Շախտյոր» — «Վոլին»՝ 4:1’