«Վրաստանում հանցագործ նախագահ չի եղել»․ Սաակաշվիլին առաջին անգամ հանդես է եկել դատարանում

59

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որի դեմ իր հայրենիքում մի քանի քրեական գործ է հարուցվել, վերադառնալուց և ձերբակալվելուց հետո բերվել է Թբիլիսիի քաղաքային դատարան։ Սաակաշվիլիին դատարան են բերել Գորիի զինվորական հոսպիտալից, որտեղ նա բուժում էր ստանում 50-օրյա հացադուլից հետո։

«Ես Միխեիլ Սաակաշվիլին են, և Վրաստանը հանցագործ նախագահ չի ունեցել։ Ես ուզում եմ, որ բոլոր վրացիները դա իմանան։ Վրացական պետության հիմնադիրը չի կարող հանցագործ լինել, քանի որ հանցագործները ոչ թե հիմնում են, այլ կործանում պետությունը»,- դատարանում հայտարարել է Վրաստանի երրորդ նախագահը։

Վրացական մի քանի զանգվածային լրատվամիջոցներ Թբիլիսիի քաղաքային դատարանում կայացող դատավարությունն անվանել են «պատմական»․ Վրաստանի արդարադատության պատմության ընթացքում առաջին անգամ մեղադրյալի աթոռին է երկրի նախկին նախագահը։

Քրեական գործում, որը Թբիլիսիի քաղաքային դատարանը հետաքննում է արդեն մի քանի տարի, խոսքը տասնչորսամյա վաղեմության դեպքերի մասին է, երբ իշխանությունները ցրել էին բողոքի ցույցը քաղաքի կենտրոնում, և ոստիկանությունը ռեյդ էր իրականացրել «Իմեդի» հեռուստատեսության վրա։ Բացի այդ, Սաակաշվիլին կասկածվում է հանգուցյալ գործարար Բադրի Պատարկացիշվիլիի («Իմեդին» պատկանում էր գործարարի ընտանիքին, և նրանք կարողացան հեռուստաալիքը ետ ստանալ միայն 2012 թ․) ունեցվածքին ապօրինաբար տիրանալու մեջ։ Սաակաշվիլին մեղադրվում է նաև Վրաստանի սահմանն ապօրինաբար հատելու մեջ։ Սա նոր մեղադրանք է, որը նրան առաջադրվել է 2021 թ․ աշնանը Վրաստան վերադառնալուց հետո։

Սաակաշվիլին դատարանում խոսել է ձեռքբերումների մասին, բայց նաև ընդունել է իր նախագահության օրոք եղած սխալները։

«Ամբողջ աշխարհը ցնցված է, որ ես ստիպված եմ ձեզ դիմել այսպես՝ ապակե վանդակից՝ փոխանակ հնարավորություն ունենայի իմ երկրում, իմ կառուցած երկրում քայլելու ձեր կողքին և զարգացնելու երկիրը»,- ասել է Սաակաշվիլին։

Նախկին նախագահը իր հասցեին բոլոր մեղադրանքներն ու դատավճիռները համարում է քաղաքական։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածը«Չելսին»՝ տարվա լավագույն ակումբ
Հաջորդ հոդվածըԶԼՄ․ ՍՊՊՀ դասախոս Մայքլ Ֆրիսին ազատել են աշխատանքից և վտարել Ռուսաստանից