‘Վրաստանում պաշտոնանկ են արվել 7 նախարարներ’

1374

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր՝ արտակարգ մամուլի  ասուլիսի ժամանակ, հայտարարել է 7 նախարարների պաշտոնանկության մասին:

Պաշտոնանկ արվածների թվում են մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարը, բնապահպանության նախարարը, փախստականների գործերով նախարարը, գյուղատնտեսության նախարարը, տարածքային զարգացման նախարարը, պատիժների իրականացման նախարարը և սփյուրքի հարցերով  պետական նախարարը:

Վարչապետի խոսքով, պատիժների իրականացման նախարարը կգլխավորի փախստականների գործերով նախարարությունը իսկ տարածքային զարգացման նախարարը կդառնա բնապահպանության նախարար:

Ղաբրիաշվիլիի խոսքով՝ մյուս  գերատեսչությունների ղեկավարների նշանակման մասին կհայտարարվի առաջիկայում: Նա չի բացառել նաև այլ փոփոխությունների հնարավորությունը կառավարության կազմում: Ղարիբաշվիլին նշել է, որ դրանք պայմանավորված են «նոր իրողություններով». վերջին շրջանում «Վրաստանում շատ իրադարձություններ տեղի ունեցան», և առաջին հերթին՝ ստորագրվեց ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, ինչպես նաև՝ կայացան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: «Մենք հաջողությամբ հանձնեցինք այդ թեստերը և հաստատեցինք, որ իշխող «Վրացական երազանք» դաշինքը վայելում է երկրի բնակչության մեծ մասի աջակցությունը: Հիմա մենք պարտավոր ենք արդարացնել այդ վստահությունը, ուստի պետք է աշխատենք կրկնապատկված եռանդով»,- ասել է Ղարիբաշվիլին: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Վրաստանում ՀՀ դեսպանությունը լռում է’
Հաջորդ հոդվածը‘Պաշտպանական կողմը բողոքարկում է Լեւոն Հայրապետյանի նկատմամբ կալանքի կիրառման որոշումը’